Քննադատել է իմքայլականներին և հորդորել հայտարարություններ չանել Մուրադովի հասցեին․ ինչու է պաշտոնանկ արվել Բորիս Ավագյանը
ПолитическиеԱզգային ժողովում հայ գերիների հարցերով աշխատանքային քննարկումից հետո Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի արդեն նախկին տեղակալ, գնդապետ, գերիների հարցերով զբաղվող Բորիս Ավագյանը պաշտոնանկ արվեց և հրավիրեց ԱԱԾ։ Ըստ ԱԻՊԾ պարզաբանման՝ նա աշխատանքից ազատվել է պաշտոնական դիրքի չարաշահման և աշխատանքային էթիկայի կանոնների խախտման պատճառով։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԻՊԾ տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը նշեց՝ համաձայն չէ ներկայացված պատճառաբանության հետ․ «Ինձ հետաքրքիր է, թե իմ հայտարարություններից որո՞նք էին քաղաքական, երբ հանդիպման հենց սկզբում ասել եմ՝ եկեք չքաղաքականացնենք հանդիպումը և փորձենք լուծումներ գտնել։ Ինձ պատգամավորները հրավիրել են ԱԺ քննարկման որպես ՀՀ քաղաքացի, որը զբաղվել է Շիրակի գերիների խմբի վերադարձի հարցերով: Դա մամուլի ասուլիս չէր, այլ աշխատանքային հանդիպում-քննարկում, որի ժամանակ նրանք իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ինձ, ես էլ տեսական խորհուրդներ եմ տվել։ Որտե՞ղ է գրված, որ ԱԻՊԾ փոխտնօրենը իրավունք չունի հանդիպել պատգամավորների հետ և քննարկումներ ունենալ։ Ես քաղաքական հայտարարություն չեմ արել, պարզապես, որպես հայ, հորդորել եմ իմքայլականներին հայտարարություններ չանել Մուրադովի հասցեին։ Ասել եմ, որ «Իմ Քայլի» իմ ընկեր պատգամավորը՝ Արթուր Մանուկյանը, չպետք է հայտարարի, թե գնացեք Ռուսաստանի դեսպանի մոտ, թող նա էլ կապնվի Վլադիմիր Պուտինի հետ։ Այո՛, ես քննադատել եմ իմ ընկերոջը, ինչն ընդունված է իմ ընկերության մեջ: Իր հայտարարությունները խնդրահարույց են և նա ինձ հետ համաձայն է։ Եթե իմ ընկերը սխալ է արել, ինչ է դրա մասին իրավունք չունե՞մ ասեմ: Արթուրն իմ ընկերն է և շատ հարգում եմ նրան որպես դերասան, բայց երբ նա արել է այնպիսի հայտարարություն, որը չպետք է աներ, դրա մասին չե՞մ կարող ասել»,- ասաց Բորիս Ավագյանը:
Նրա խոսքով՝ իր և մյուս գործիչների նկատմամբ խտրական վերաբերմունք կա, քանի որ ինքը առանց քաղաքական հայտարարություն անելու ազատվում է աշխատանքից, իսկ օրինակ Ավանի փոխթաղապետը՝ ոչ․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոմն Ավանի թաղապետի տեղակալ թույլ է տալիս այնպիսի գրառումներ անել ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի վերաբերյալ, նա չի քննադատվում, նրան հրատապ չեն հանում աշխատանքից, իսկ ինձ հանում են, ստացվում է՝ հավասարություն չկա։ Ասել եմ, որ թույլ չտան՝ թաղապետի տեղակալը ֆեյսբուքում գրառումներ անի ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի վերաբերյալ, քանի որ այ դա քաղաքական հայտարարություն է, որովհետև նա վիրավորում է օտարերկրյա գեներալի, որը մեր երկրում զբաղվում է խաղաղապահ գործունեությամբ և մեր գերիների հարցրով»,- նշեց նա՝ հավելելով, որ փաստորեն մեկի ասածը իշխող կուսակցությունը նորմալ է ընդունում, իսկ իմ ասածը իշխող ուժի ներկայացուցչի վերաբերյալ՝ ընդունում որպես քաղաքական հայտարարություն:
Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլից» հեռացած Վարդան Աթաբեկյանն ու մի քանի անկախ պատգամավորներ ԱԺ էին հրավիրել գերիների հարցով զբաղվող Բորիս Ավագյանին։ Ըստ հրապարակումների՝ նա քննարկման ընթացքում քննադատել է ՀՀ իշխանություններին՝ նշելով, թե գերիների հարցով չեն զբաղվում։
Սոնա Հարությունյան