Հայաստանի իշխանությունները պետական կառավարման որոշ ինստիտուտներ պետք է տեղափոխեն Սյունիք. Արմեն Գեւորգյան
ԲլոգոսֆերաՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն առաջարկում է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին։ Օրինակ՝ փոխվարչապետի գրասենյակը։
Նա նման նախաձեռնությամբ հանդես է եկել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ալիեւի հնչեցրած սպառնալիքների ի պատասխան։
«Պետք է շատ լուրջ վերաբերվել Սյունիքի թեմայով դիվանագիտական զարգացումներին և Ալիևի երեկվա ամենևին ոչ դիվանագիտական սպառնալիքներին։
Հայաստանը պետք է ճշգրիտ, ինչ-որ տեղ ոչ ստանդարտ քայլերով վերջ դնի այդ անառողջ սակարկություններին։ Կոպիտ ասած պետք է բարձրացնի Սյունիքի կարգավիճակը։
Որպես նմանատիպ քայլ, ես առաջարկում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին։ Օրինակ՝ փոխվարչապետի գրասենյակը / կարելի է այդ նպատակով վերականգնել առաջին փոխվարչապետի պաշտոնը/, և այլն։ Ազգային Ժողովի աշխատանքների մի մասը նույնպես կարելի է կազմակերպել Սյունիքում:
Սա կլինի ուղիղ ուղերձ Սյունեցիներին և կբարձրացնի նրանց սեփական հողում ապրելու վստահությունը, և սա կլինի ուղերձ միջազգային խաղացողներին՝ Հայաստանի վճռականությունը իր տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման հարցում։ Դա նաև լավ ուղերձ կլինի հիմնական դաշնակցին»,- հայտարարել է Արմեն Գեւորգյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 20-ին Ալիեւը հայտարարել է, թե իրագործելու են «Զանգեզուրի» միջանցքի ծրագիրը` անկախ նրանից Հայաստանն ուզում է, թե ոչ՝ նշելով, թե հարկ եղած դեպքում նաեւ ուժ կգործադրեն, ինչպես եղավ Արցախի դեպքում։