Հրաժարականից հետո որպես վարչապետի ժպ պաշտոնավարումը շարունակելու սահմանադրական արգելք չկա. Վարդանյան
ПолитическиеՍահմանադրական որևէ արգելք՝ հրաժարականից հետո շարունակել պաշտոնավարել վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում չկա և կարծես որևէ քաղաքական ուժ դա երբևէ չի էլ վիճարկել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնակատար լինելուն։
«Սա ձեւավորված պրակտիկա է շատ երկրներում եւ ես այստեղ խոչընդոտ չեմ տեսնում: Այնպես որ խնդիրը մնում է ընդամենը լրագրողական հետաքրքրասիրության շրջանակներում: Նախընտրական քարոզչության ընթացքում կան կանոններ, որ պաշտոնակատարն ու քարոզչություն իրականացնողը նույն սուբյեկտը չեն կարող լինել: Դա առանձին կանոնակարգումներ են»,-ասաց նա:
Լրագրողներից մեկը միացրեց 2018-ի ապրիլին հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, որտեղ նա նշել է, որ իրավաբանների պնդմամբ, վարչապետի հրաժարականի պարագայում նա չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ 2018 թվականին իրավիճակը այլ է եղել, իսկ այս դեպքում գործընթացը անհարժեշտ է, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակվի։ Նա նկատեց, որ օրինակ Մեծ Բրիտանիայում երբ քաղաքական ուժերը գալիս են ընդհանուր հայտարարի, որ պետք է լինեն նոր ընտրություններ, վարչապետը հրաժարական է ներկայացնում միապետին եւ վերջինս նույն անձին եւ կառավարության անդամներին հանձնարարում է կատարել իրենց գործառույթները: «Այսինքն արգելք չկա: եթե ես օրինակ, հրաժարվում եմ իմ պաշտոնից եւ չեմ ցանկանում այդ ընթացքում կատարել իմ պարտականությունները, պարզ է, դրանք կհանձնարարեն որեւէ այլ անձի: Իսկ եթե շարունակում եմ շարունակել, ապա կշարունակեմ: Եթե վարչապետը հրաժարականից հետո չի կարող կատարել իր պարտականությունները, ապա նույն տրամաբանությամբ իրենց պարտականությունները չեն կարող կատարել նաեւ նախարարները, փոխվարչապետները: Դա սահմանադրական դժոխքի մասին եք խոսում»,-ասաց պատգամավորը: