Թուրքերը սկսել են իրենց լկտի պահել՝ հարվածում են հովվին, քաշքշում, քարեր են նետում, նման դեպքերը հաճախակի բնույթ են կրում. Արավուսի գյուղապետ
ОбществоԹուրքերը 100 մետր իջել են մեր սահման, քաշքշել են հովվին, վերջում էլ հարվածել են աչքին ու փախել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանը:
Ինչպես նշում է վերջինս, այդպիսի դեպքերը սկսել են հաճախակի կրկնվել. «Միայն այդ օրը չի եղել նման բան, մնացած օրերին էլ քարերով են հարվածում հովիվներին, հայհոյում են, լկտի բառեր են օգտագործում: Անասունները, որ արդեն սկսել են արոտի դուրս գալ, թուրքերն էլ սկսել են լկտիանալ»,- ասաց Արգամ Հովսեփյանը:
Մեր այն հարցին, թե ադրբեջանցի զինվորների նման պահվածքը արդյոք լարվածություն և անհանգստություն չի առաջացնում բնակչության շրջանում, նա պատասխանեց. «Մարդկանց համար սովորական է դարձել, նորմալ է: Իրենց առօրյա կյանքով են ապրում: Ապրիլի 24-ին էլ են վախեցրել այդ տարածքում գտնվող հովիվներին, բայց իրենք այդ տարածքում նորից շարունակում են աշխատանքները»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը:
Ադրբեջանը, ըստ նոր սահմանազատման, Արավուս գյուղում ունի 13 նոր դիրք, գյուղապետը այն կարծիքին է, որ նրանք պետք է հետ քաշվեն. «Այսպես չի լինի, տեղից էլ մեր գյուղը փոքր է, մարդիկ էլ ի՞նչով պետք է զբաղվեն, անասուններն էլ ծախել են, մնացել է հողագործությամբ զբաղվելը: Որտեղ կանգնած են իրենք՝ մեր հողն է, մեր քարտեզով ու վկայականով կարող ենք ցույց տալ, որ մերն է այն: Դիմել ենք մի քանի տեղ, սպասում ենք՝ ինչ-որ հանձնաժողով գա»,- նշեց Արգամ Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ այս միջադեպին անդրադարձ է կատարել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Զվարթ Պետրոսյան