«Ազատություն հայ ռազմագերիներին». ակցիա՝ ԱԺ-ի դիմաց
Общество«Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնությունն այսօր՝ ապրիլի 30-ին, ակցիա է կազմակերպել Ազգային ժողովի դիմաց: Ակցիային մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերից, մասնավորապես, Շիրակի մարզից գերեվարված տղաների հարազատները, ծնողները:
«Այս նախաձեռնությունը մեկնարկել է սփյուռքում, որտեղ մի քանի համայնքներում արդեն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում իրենց կառավարությունների կամ Ադրբեջանի դեսպանատների դիմաց: Առաջին ակցիան տեղի է ունեցել ապրիլի 15-ին, որին մասնակցել են աշխարհի շուրջ 15 քաղաքներ»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից Սեդա Գրիգորյանը:
Այսօր արդեն 15 երկրների 30-ից ավելի քաղաքներ են մասնակցում ակցիային:
«Հատկանշական է, որ ակցիային միանում են ոչ միայն հայկական համայնքներ, այլև միջազգային իրավապաշտպաններ ու ակտիվիստներ»,- ասաց նա, ով ընթերցեց իրենց կազմած հայտարարության տեքստը հայերեն և անգլերեն:
Գերիներից մեկի հարազատը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ինչքան ժամանակը երկարում է, ավելի վատատեսորեն ենք նայում իրականությանը, որ երբևէ կտեսնենք մեր զավակներին: Այո, տեսաուղերձ եղավ, կապ ունեցանք իրենց հետ, տեսանք, որ ողջ են, բայց, թե ինչ պայմաններում են, մենք չգիտենք: Միայն ուզում ենք, որ մեր երեխեքը ողջ առողջ վերադառնան»:
Ակցիայի մասնակիցները երթով, ապա նաև ավտոերթով շարժվեցին դեպի Հայաստանում մի շարք երկրների դեսպանատներ, որտեղ ընթերցեցին իրենց հայտարարությունը՝ պահաջելով գործնական քայլեր ձեռնարկել՝ հայ ռազմագերիներին հնարավորինս շուտ և առանց նախապայմանների վերադարձնելու համար: