Մասնագետներն ահազանգում են․ ունենք միապետ-վարչապետ, որը պարբերաբար խախտում է սահմանադրությունը
Հասարակություն«Մենք այժմ փորձում ենք ապացուցել մի բան, որը աքսիոմա է, և ապացուցման կարիք չունի։ Հրաժարականի հիմքով ցանկացած պաշտոնատար անձի լիազորությունները, այդ թվում նաև վարչապետի, դադարում են։ Սակայն այսօր, երբ հրաժարականից հետո խոսում ենք լիազորությունների կատարման շարունակության մասին, մենք սահմանադրական իրավունքի գաղափարից դուրս եք գալիս»,-այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, հրավիրված ասուլիսին հայտարարեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ենգոյանը։
2021թ․ հունիսի 20-ին սպասվելիք արտահերթ ընտրությունների հետ կապված՝ մասնագետը նշեց, որ իր համար զարմանալի չէ, որ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է իր լիազորությունների կատարումը, քանի որ, ըստ նրա, երբ իրավաբանի աչքերով ես նայում, ապա տեսնում ես, որ վարչապետը պարբերաբար խախտում է սահմանադրությունը։
«Մտնում է ԱԺ լիազորությունների տիրույթ, այսինքն՝ ինքը որոշել է, որ լինելու է արտահերթ ընտրություն, սակայն այդ որոշումն ուղղակիորեն կախված է ԱԺ-ից։ Ամենաաբսուրդն այն է, երբ ասում է, որ գնում է հրաժարականի, որպեսզի լինի արտահերթ ընտրություն․ սահմանադրությունն ուղղակի նման հիմք չի նախատեսում»։
Սահմանադրագետը նշեց վարչապետի մյուս իրավական խախտումը, այն է՝ երբ վարչապետը փաստացիորեն նշանակում է ընտրությունների օր այն դեպքում, երբ դա ՀՀ նախագահի բացառիկ իրավասությունն է։
«Ստացվում է ՝ ունենք միապետ և չունենք որևէ պետական մարմին»,-նշեց նա։