«Երբ երեք տարի առաջ ասում էին՝ հրաժարական տված վարչապետը չի կարող ԺՊ լինել, իսկ հիմա հակառակն են հիմնավորում՝ վերլուծական շիզոֆրենիա է»
ОбществоԵրբ երեք տարի առաջ վարչապետի իրավաբանները ներկայացրել են մի հիմնավորում և երեք տարի անց տալիս են ճիշտ հակառակը՝ իրավագիտության մեջ դա կոչվում է վերլուծական շիզոֆրենիա, այսինքն՝ պետական մարմինների համար անթույլատրելի է, որն ամբողջությամբ փոշիացնում է նրանց վարկանիշը և պետականությունը: Այս մասին ասյօր՝ ապրիլի 30-ին, կայացած քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Երորրդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Այվազյանը:
Այվազյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման իրավունքներին. «Վարչապետի կողմնակիցները փորձում են Սահմանադրության տեխնիկական տառացի մեկնաբանություն տալ՝ Սահմանադրության, մասնավորապես, 158-րդ հոդվածի, ըստ որի, կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, սակայն պետք է հասկանալ սահմանադրական այս դրույթը ինչ իմաստ ունի, և այն պետք է մեկնաբանել բովանդակության առումով: Ինչպես Սահմանադրության 158-րդ հոդվածը, այնպես էլ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը հստակ ամրագրում են վարչապետի և կառավարության հրաժարականի հիմքերը և այս առումով բացարձակապես չի կարելի միմյանց հետ շփոթել վարչապետի ու կառավարության հրաժարականները»:
Ըստ Այվազյանի՝ երբ կառավարությունն է հրաժարական տալիս, ապա որոշակի առումով տրամաբանական է, որ վարչապետի գլխավորությամբ կառավարության անդամները մնան ժամանակավոր պաշտոնակատար և իրականացնեն իրենց պարտականությունները՝ մինչև կձևավորվի նոր կառավարություն:
«Երբ վարչապետն է տալիս հրաժարական, ապա դա տրամաբանորեն ենթադրում է վարչապետի լիազորությունների կատարման անհնարինություն և այս դեպքում իրավական լուծումը պետք է լիներ այն, որ կառավարությունը՝ օրենքով սահմանված կարգով, փոխվարչապետներից որևէ մեկին նշանակեր վարչապետի ԺՊ»,- ընդգծեց բանախոսը: