«Թիթեռնիկ» մանկապարտեզի 160 երեխաներ երկուշաբթի օրվանից չեն գնա մանկապարտեզ․ բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց
ОбществоԵրևանի Արաբկիր վարչական շրջանի «Թիթեռնիկ» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն այսօր՝ ապրիլի 30-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առջև։ Մանկապարտեզում սկսվում է հիմանահատակ նորոգում, ինչի պատճառով 160 սաներ երկուշաբթի օրվանից 18 ամիս չեն կարողանա հաճախել, իսկ աշխատակիցները մատնվում են հարկադիր պարապուրդի։ Մանկապարտեզի փակվելու մասին ծնողներին տեղյակ են պահել ապրիլի 27-ին՝ դեռևս չառաջարկելով որևէ այլընտրանք։
Ծնողների հետ հանդիպման եկած Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պետ Կարեն Սարգսյանի խոսքով՝ քաղաքապետարանը սպասում է առողջապահության նախարարության փաստաթղթին՝ մանկապարտեզներում խմբերի թվային քանակն ավելացնելու մասին, որպեսզի կարողանա երեխաներին տեղավորել համայնքի այլ մանկապարտեզներում։
«Այժմ փորձում ենք նույն վարչական շրջանի այլ մանկապարեզներում երեխաներին տեղափոխելու հարցը լուծել։ Բայց քանի դեռ երեխաների թվային սահմանափակման հարց կա, այս պահին չենք կարող անել։ Այն ծնողները, որոնց երեխաները արդեն հաճախում են, իրենց տրվելու է առաջնահերթություն»,- ասաց Կարեն Սարգսյանը։
Հարցին, թե առողջապահության նախարարությունը երբ կուղարկի համապատասխան փաստաթուղթը, Կարեն Սարգսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ամեն օր կապի մեջ է նախարարության հետ․ «Մարդիկ ասում են՝ շուտով կլինի, այսօր-վաղը։ Մենք երբ որ ունեցանք փաստաթուղթը, արդեն անմիջապես զբաղվում ենք տեղավորման գործով»։
Ծնողները քաղաքապետարանի ներկայացուցչին հանձնեցին դիմումներ և իրենց հեռախոսահամարները, իսկ ներկայացուցիչը խոստացավ կապ հաստատել նրանց հետ։