«Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի ցուցակը կազմվելու է երկու սկզբունքի վրա հիմնված. Սոս Հակոբյան
ПолитическиеԱյսօր՝ մայիսի 1-ին, կայացած ասուլիսում «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը ասաց՝ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ սեւերի եւ սպիտակների բաժանումը կեղծ օրակարգ է եւ նախկինին վերադարձ չի լինելու․
«Կա հստակ համոզմունք, որ այն ինչ հանդուրժելի էր, այն, ինչ հնարավոր էր նոր ստեղծված պետությունում, մեր պահանջները դրա նկատմամբ պետք է բարձրացվեն: Անկասկած է, որ հանցագործություն կատարած ցանկացած անձ պետք է կրի պատասխանատվություն: Վանեցյանը շեշտադրել է, որ մեր իշխանության գալու պարագայում անգամ իր ամենամտերիմ անձը, ով կունենա խնդիր օրենքի հետ, կրելու է ամենախիստ պատասխանատվություն: Նախկին բարքերին, որոնք տանելի էին նոր ստեղծված երկրում, վաղը պետք է տանելի չլինեն, կարծում եմ՝ այդ մասով նույնիսկ ՀՀԿ-ականներն են հստակ իրենց դիրքորոշումը հայտնել»,- նշեց Սոս Հակոբյանը:
Իսկ ինչ վերաբերում է «նախկին» բացասական իմաստով տերմինին, նա ասաց, որ դա չի նշանակում մարդկանց որեւէ խումբ, դա նշանակում է որեւէ արատավոր վարքագիծ դրսեւորող անձ:
Հարցին, թե «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի ցուցակում օլիգարխներ կլինե՞ն, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Այնպիսի մարդիկ, որոնք հստակորեն մեր ընկալմամբ օրենքի հետ իրենց համերաշխությունը կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել: Ցուցակում լինելու են երկու սկզբունքի վրա հիմնված մարդիկ. մարդիկ, որոնք ունենալու են հանրության շրջանում վստահություն, եւ որոնք կարող են օգտակար լինել ՀՀ-ին իրենց կարողությունների շրջանակում»,- ընդգծեց Սոս Հակոբյանը: