Ինձ երեկվանից գրում են՝ քո դեմքը պատռեցիր. Թագուհի Թովմասյան
ПолитическиеԵթե ուզում եք որևէ տեղեկություն հայտնել՝ ճշտեք, հետո գրեք: Համենայն դեպս, ոչ ես եմ հաստատել, ոչ Արթուր Վանեցյանը, հետևաբար, դրա մասին խոսելը՝ աբսուրդ է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով իր՝ «Հայրենիք»-ՀՀԿ ցուցակում լինելուն:
«Ես ասել եմ, որ բոլորից առաջարկներ ստացել եմ, բայց հիմա ուզում եմ ասել, որ ունեմ մի շարք հարցեր՝ մեր երկրի անվտանգության, ազգային արժանապատվության և ապագայի, ինչպես նաև Արցախի ապագայի վերաբերյալ: Եվ այս հարցերի պատասխանները ես պիտի ստանամ ինձ առաջարկներ անողներից, որպեսզի հասկանամ, թե իմ քաղաքական ապագան ում հետ եմ կառուցելու»,- ասաց պատգամավորը:
Թովմասյանի խոսքով՝ երեկվանից տարբեր մեղադրանքներ է ստանում, սակայն բոլորն էլ անհիմն են. «Ինձ երեկվանից գրում են՝ քո դեմքը պատռեցիր, ՀՀԿ-ի հետ էիր, այսօր էլ գրել են, որ Ռոբերտ Քոչարյանի թիմում եմ, մյուսներն էլ ասում են՝ Նիկոլ Փաշինյանի թիմում եմ, իսկ եթե ընտրություններին չմասնակցեմ, այդ դեպքում էլ կասեն՝ Միքայել Մինասյանի կողմնակիցն եմ: Ես պիտի հասկանամ, ի վերջո, որ կողմից եմ, դեռ որոշում չեմ կայացրել, ԱԺ ամբիոնից իմ որոշման մասին կհայտնեմ, սակայն որևէ առաջարկի մասին չեմ ուզում բարձրաձայնել, գուցե, ես այս ընտրություններին չեմ մասնակցում»: