Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնի Ադրբեջանի ներքո, ձեր այս հարցերը նաև հիմա լսում են Բաքվում, ոգեշնչվում են. Վարդանյան
PoliticalԵրկրի անվտագային հարցերի շուրջ նման քննարկումները, որոնք տեղի ու անտեղի լինում են, ավելի են վտանգում երկիրը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիրմիր Վարդանյանը:
«Ես որևէ հարցի չեմ պատասխանի այս մասին, գնացեք և գործով զբաղվեք, քանի որ ցանկացած հարց, որն իր բնույթով ոչինչ չի տալիս, այլ երկրի պաշտպանվածությունն է թուլացնում, անընդունելի է»,-ասաց նա:
Վլադիմիր Վարդանյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Սյունիքի անվտանգության մասին խոսողները եղել են սահմանում: «Դուք սահմաններո՞ւմ եղել եք, եթե ինչ-որ բան եք տեսնում, ինչի՞ եք ինձ հարցնում, նկարեք, միանգամից ուղարկեք ադրբեջանական լրատվամիջոցներին»,-ասաց նա:
Վարդանյանը հորդորեց բանակը թուլացնելու փորձել չանել: «Մի փորձեք նսեմացնել Հայաստանի զինված ուժերը, մի փորձեք նսեմացնել այն հերոսությունը, որը ՀՀ ԶՈՒ-ն արել է: Ես սա ասում եմ բոլոր այն սուբյեկտներին, որոնք բարձրացնում են արհեստական խնդիրներ, որը պայմանավորված է նախընտրական փուլում լրացուցիչ փոքրիկ դիվիդենտներ ստանալով»:
Պատգամավորը հերքեց նաև այն տարածվող տեղեկությունը, թե հավանական է Ստեփանակերտը ևս անցնի Ադրբեջանին, որի մասին նաև հրապարակել էր Արցախի նախկին ՄԻՊ-ը: «Ո՞նց կարող է Ստեփանակերտն անցնի Ադրբեջանի ներքո, ձեր այս հարցերը նաև հիմա լսում են Բաքվում, ոգեշնչվում են. ո՛չ նման բան չկա»: