Միլանում մոտ 30 000 մարդ տոնել է «Ինտերի» չեմպիոնությունը, ինչը հանգեցրել է զանգվածային անկարգությունների
ՍպորտԿիրակի երեկոյան մոտ 30 000 մարդ հավաքվել է Միլանի Դուոմո հրապարակում և քաղաքի կենտրոնական թաղամասում՝ նշելու Միլանի «Ինտերի» 2010 թվականից ի վեր առաջին չեմպիոնությունը, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Ինչպես նշում է Corriere della Sera-ն, մարդկանց ինքնաբուխ հավաքումը խախտում էր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի միջոցառումները։ Երկրպագուներից շատերը դիմակազերծ էին, և ամբոխի խտությունը նրանց թույլ չէր տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը: «Հուսով ենք, որ այս տեսարանը չի լինի վարակների չորրորդ ալիքի պատճառ», - գրում է թերթը: Կանոնները խախտելու համար ոստիկանությունը տուգանել է 20 ֆուտբոլասերների:
Բազմությունը գրավել էր կենտրոնական փողոցները՝ արգելափակելով երթևեկությունը: 22։00-ին, պարետային ժամը սկսվելուն պես, ոստիկանությունը ստիպված էր միջամտել։ Ի պատասխան նետված շշերի՝ ոստիկանները ուժ կիրառեցին՝ ցրելու համար ամբոխը: Il Messaggero թերթի փոխանցմամբ՝ գործողությունը զոհերի չի հանգեցրել: Չնայած արգելքին՝ «Ինտերի» երկրպագուների փոքր խմբերը մնացել են Միլանի կենտրոնում՝ գիշերելու:
Լոմբարդիայի նախագահը, զանգվածային իրադարձությունից հետո, հույս է հայտնել, որ դրա հետևանքները չեն հանգեցնի կորոնավիրուսային վարակների աճի: «Հավանական էր, որ նմանատիպ իրադարձություններ կարող էին պատահել: Կարևոր է, որ դրանք չկրկնվեն», - ասել է Աթիլիո Ֆոնտանան, մեջբերում է il Messaggero-ն: