Մենք պետք է թոթափենք պարտվողի այս բարդույթը, ի մի բերենք մեր ուժերը. Ավետիք Չալաբյան
БлогосфераՀաղթանակած թշնամին սրա վրա չի կանգնելու, եթե մենք շարունակենք մեր ներսում իրար ուտել և աշխարհից խաղաղություն մուրալ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Երեկ ՀՀ Ազգային ժողովում մինչև հիմա գործող իշխանությունը հերթական գովազդային ներկայացումն էր կազմակերպել, մինչ այդ համացանցում հայտնվեցին Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Աստվածածնի տաճարի գլխատված կադրերը։
Կարելի է անվերջ ողբալ մեր գլխատված Սրբության, և բազմաթիվ այլ գերեվարված ու պղծած սրբավայրերի համար։ Փոխարենը սակայն պետք է պարզապես հիշել, որ սա պատերազմում կրած պարտության ցավալի և անխուսափելի արդյունքն է, և հաղթանակած թշնամին սրա վրա չի կանգնելու, եթե մենք շարունակենք մեր ներսում իրար ուտել և աշխարհից խաղաղություն մուրալ։
Եթե մեր հոգում պատիվ ու սրբություն կա, և մենք ցանկանում ենք վերականգնել մեր կորսված սրբավայրերը, քաղաքները ու գյուղերը, մենք պետք է թոթափենք պարտվողի այս բարդույթը, ի մի բերենք մեր ուժերը, համառ ու տքնաջան աշխատանքով շրջենք պարտության այս ցավալի էջը, և պատրաստվենք մեր նոր հաղթանակներին։ Սուրբ Աստվածածնի տաճարը մեզ է սպասում»։