«Մանչեսթեր Սիթին» յոթերորդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն
Սպորտ«Մանչեսթեր Սիթին» ժամանակից շուտ դարձավ Անգլիայի ֆուտբոլի 2020/21 չեմպիոն այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 36-րդ խաղում պարտվեց «Լեսթեր Սիթիին»: Երեքշաբթի օրը «Լեսթերը» հյուրընկալվելով՝ 2-1 հաշվով հաղթեց «Յունայթեդին»: Լյուկ Թոմասի դարպասին «կարմիր սատանաները» պատասխանեցին Մեյսոն Գրինվուդի դիպուկ հարվածով, բայց Չագլար Սեյունջունի գոլը 66-րդ րոպեին բերեց «Լեսթերի» հաղթանակին և «Սիթիի» չեմպիոնությանը: «Մանչեսթեր Յունայթեդը», որին առաջնության երեք խաղ է մնացել, 10 միավորով է հետ մնում «Սիթիից»: «Մանչեսթեր Սիթին» յոթերորդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» մայիսի 29-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ: