Իսրայելի օդուժի հարվածներից զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 48-ի (տեսանյութ)
ՏեսանյութերՊաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածներից զոհերի թիվը հասել է 48-ի։ Ավելի քան 300-ը վիրավորվել է:
«Տեղական ժամանակով ժամը 13.00-ի դրությամբ՝ հայտնի է 48 զոհի, այդ թվում՝ 14 երեխայի և երեք կնոջ մասին, կա 304 վիրավոր», - ասվում է Առողջապահության նախարարության կողմից ստացված մամուլի հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է, երկուշաբթի երեկոյան Իսրայելի ու Պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց: Պաղեստինյան խմբավորումները Գազայից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգը նրանցից 200-ն է որսացել: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Ինչպես հաղորդվել է իսրայելական բանակում, հրթիռային հարձակումների արդյունքում՝ հինգ իսրայելցի է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել է: