Գիտությամբ զբաղվելու ավելի գրավիչ մեխանիզմ է գործարկվում. Փաշինյան
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ գիտական և գիտատեխնիկական ոլորտում գիտության հասարակական վարկի բարձրացմանը, գիտական և գիտատեխնիկական կադրերի բարեկեցության ապահովմանը, նրանց սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու համար:
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, որոշմամբ նախատեսվում է նորմավորել և սահմանել պետական բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աշխատողների նվազագույն աշխատավարձերի սանդղակը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նախատեսվում է 2022 թ. հունվարի 1-ից սահմանել գիտական աշխատողների և գիտական ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի նորմավորման սանդղակ, ըստ որի մինչև 2025 թ-ը կլինի աշխատավարձերի աստիճանական աճ:
Այսպիսով, 2021 թվականին պետական ծրագրերում ներգրավված գիտական կադրերի բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է 4,072,898.4 հազ. դրամ, իսկ որոշման ընդունումից հետո 2022-2025 թթ. համար այն կկազմի համապատասխանաբար՝ 7,698,513.6, 9,970,200.0, 12,409,440.0 և 14,419,518.0 հազ. դրամ: Բազային աշխատավարձերի նորմավորումն ըստ գիտական կադրերի տարակարգի՝ կփոխի գիտական ներուժի կադրային կառուցվածքը և կապահովի գիտության ոլորտում կադրերի բնականոն արտահոսքն ու ներհոսքը, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը, գիտական կադրերի սոցիալ-տնտեսական և աշխատանքային պայմանների բարելավմանը, գիտության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի կայուն աճին և գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովմանը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ այդմ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդն կքառապատկվի. «Նախ զուգահեռ, ինչպես ուսուցիչների դեպքում, ատեստավորման գործընթաց է ձեռնարկվելու: Այսինքն՝ որպեսզի մենք համոզված լինենք, որ ոչ թե ուղղակի ըստ հաստիքացուցակի ենք ավելացնում աշխատավարձերը, այլ՝ որոշակի որակական չափանիշների: Սա ամենակարևոր առանձնահատկություններից է:
Հաջորդ խնդիրը՝ գիտաշխատողներն որոշակի ֆինանսական հնարավորություններ են ստանում ոչ միայն բազային աշխատավարձով, այլ թեմատիկ հետազոտություններից նույնպես որոշակի եկամուտներ ունենալու: Եթե սա հաշվի ենք առնում, ապա՝ կախված թեմայից, գիտական խմբից, աշխատանքից, Հայաստանում գիտնականի աշխատավարձը դառնում է լրջորեն մրցունակ աշխատաշուկայում առկա այլ աշխատանքների հետ համեմատ, և կարող է նաև արդյունքներ բերել: Կարող ենք ասել, որ աշխատավարձերի բարձրացման, գիտությամբ զբաղվելու ավելի գրավիչ մեխանիզմ է գործարկվում, որն իր դրական ազդեցությունը պետք է ունենա ոչ միայն գիտության ոլորտի, այլև ամբողջ տնտեսության համար: Այս որոշումը բավական երկար ժամանակ քննարկվող առանցքային հարցերից մեկի լուծումն է, և այս տարի մենք արդեն երկու այսպիսի որոշում ենք ընդունել»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս որոշումները կրթության, գիտության բարեփոխումներին ուղղված քայլերից են: «Նախ մենք ընդունեցինք Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը, այսինքն՝ համակարգի գործունեության որոշակի ինստիտուցիոնալ հենք ստեղծեցինք, որից հետո արդեն նաև ֆինանսավորման ավելացման մեխանիզմը գործարկեցինք: Այդ շղթայի երրորդ օղակը պետք է լինի արդեն կոնկրետ արդյունքը, որը մենք պետք է ակնկալենք», -ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բուհերի ընդունելության տեղերի բաշխման խնդրին և նշել. «Մենք բուհերի և միջին մասնագիտական համակարգի ընդունելության տեղերի բաշխման բանաձևային կապն աշխատաշուկայի և տնտեսության հետ չենք կարողացել մինչև օրս ձևակերպել: Եվ ահա ժողովրդագրությունից մինչև բարձրագույն կրթություն, մասնագիտական կրթություն և ըստ մասնագիտությունների ճյուղավորում՝ մեր ամբողջական տնտեսության և հանրության կյանքի կազմակերպման կարևոր ինստիտուտները պետք է դառնան: Շատ ուրախ եմ, որ մենք այս ճանապարհին շատ երկար նախապատրաստական աշխատանքներից հետո արդեն կայացնում ենք կոնկրետ որոշումներ: Սա իսկապես չափազանց կարևոր է»: