«Ինչո՞ւ գերի չվերցրին հայկական սահմանը հատած ադրբեջանցիներին». քաղաքագետը մանրամասնում է
ПолитическиеԻրողություններին ամբողջությամբ չենք տիրապետում, և չգիտենք, թե ինչ է տեղի ունենում Սյունիքում: Հնարավոր է՝ խնդիրը շատ ավելի մասշտաբային է, քան մենք կարող ենք պատկերացնել և, միգուցե, տրամաբանական կլիներ դիմել ՀԱՊԿ-ին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
«Թե ինչ կանի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ բարդ է պատասխանելը, նաև այն բանից ելնելով, որ ամբողջական պատկերին չենք տիրապետում: Չեմ հասկանում, թե ինչ բանակցություններ կարող են տեղի ունենալ, որովհետև սահմանը հատողի հետ բանակցություններ չեն վարում, այլ ձերբակալում են: Փաշինյանը սիրում էր ասել՝ «փռենք ասֆալտին», «ծեփենք պատերին» և ցանկացած մեկը, ով հատում է Հայաստանի սահմանը, պետք է «փռել ասֆալտին» և «ծեփել պատին», եթե սա չեն անում՝ նշանակում է, որ իրենք ունակ չեն ՀՀ տարածքային ամբողջականությունն ապահովել»,- ասաց քաղաքագետը:
Մաթևոսյանի խոսքով՝ հայտնվել ենք նման իրավիճակում, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում պարբերաբար ապատեղեկատվություն էին տարածում պետական մակարդակով, իսկ այժմ էլ պետական ինստիտուտների նկատմամբ վստահություն չկա, հասարակությունն էլ ճշմարտությունը հայթայթում է տարբեր միջոցներով:
«Քաղաքագետները դեռևս մայիսին ահազանգում էին այն մասին, որ Սև լճի տարածքում մենք կարող ենք խնդիրներ ունենալ, իսկ իշխանություններն ասում էին՝ մեդիատեռոր է, քանի որ իրենք էլ սահմանափակ մտածողություն ու ընկալում ունեն, նոր բառ սովորելով փորձում են մարդկանց աչքերին «թոզ փչել»: Մեդիատեռորը այն է, ինչ իրենք են ներկայացնում»,- նկատեց Մաթևոսյանը:
Հարցին, թե հնարավոր է բանակցություններն ընթանում են գերիներին վերադարձնելու պայմանով, քաղաքագետն ասաց, որ դա պետք է քննարկեն հասարակության հետ.
«Եթե իրենք փորձեին լուծել գերիների խնդիրը, ապա այն ադրբեջանցիները, որոնք հայտնվել էին մեր տարածքում, կձերբակալեին, որովհետև ներթափանցել են ՀՀ սուվերեն տարածք, և մենք իրավունք ունեինք իրենց ձերբակալել: Արեցի՞նք սա: Թող ասեն՝ ո՞ր տարածքներն են պատրաստվում զիջել՝ գերիներին վերադարձնելու համար, որպեսզի հասարակությունը որոշի՝ ինչպես վարվել»:
Իսկ, թե ինչո՞ւ գերի չվերցրին հայկական սահմանը հատած ադրբեջանցիներին, քաղաքագետն ասաց, որ այդ և նման այլ հարցերի պատասխաններ կիմանանք միայն իշխանափոխությունից հետո.
«Միգուցե այս իշխանություններն իրապես հավատում են, որ այս քաղաքականությամբ կկարողանան խաղաղություն մուրալ, բայց թե՛ հայերիս, թե՛ ընդհանրապես համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ դա սխալ ճանապարհ է: Եթե թույլ ես տալիս, որ քո պետության նկատմամբ ոտնձգություն տեղի ունենա, ապա պարբերաբար հանցագործություններ կատարող թշնամու հետ խաղաղություն մուրալու մասին խոսակցություններն ուղղակի անիմաստ են ու վտանգավոր»,- եզրափակեց քաղաքագետը:
Արփինե Հակոբյան