ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը պետք է խիստ արձագանքեն ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի ներխուժմանը. Մենենդես
ForeignԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը:
«Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից վտանգավոր և ագրեսիայի անօրինական դրսևորում է, ինչն ընդգծում է այն մշտական սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է բախվել: Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ է, որ Միացյալ Նահանգները և, ընդհանուր առմամբ միջազգային հանրությունը պետք է խիստ արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործ գործունեությունը լուրջ հետևանքներ կունենա: Երբ անցյալ աշնանը Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը չկարողացավ ներգրավվել և դուռը բաց թողեց այնպիսի բռնապետերի առջև, ինչպիսիք են Ալիևը, Էրդողանը և Պուտինը` որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը: Դա այլեւս չի կարող կրկնվել:
Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին ներգրավվել ներգրավվել այս հարցում ամենաբարձր մակարդակներով, որպեսզի հասկանալի դառնա, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիաները պարզապես անընդունելի են»,- ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ: