Խիստ անհրաժեշտ եմ համարում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը. Թագուհի Թովմասյան
ՏեսանյութերՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստի հրավիրումը՝ քննարկելու սահմանային իրավիճակը:
Թովմասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Նա նախ ասաց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը եղել է անկախ պատգամավորներինը: Իրենք՝ անկախ պատգամավորներով դիմել են բոլոր խմբակցություններին, քանի որ չունեն լիազորություն՝ արտահերթ նիստ նախաձեռնելու:
«Եվ համատեղ արդեն ստորագրել ենք: Խիստ անհրաժեշտ է, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը մեր երկրում հրատապ նիստ հրավիրի, և քննարկենք մեր սահմանային իրավիճակը, և հասկանանք, թե ովքեր են մեղավոր, ինչու է Հայաստանի առաջնագիծը մինչև հիմա շարունակում մնալ չկահավորված, ինչո՞ւ մենք մեզ համար անվտանգային միջավայր չենք ստեղծում»,- ասաց Թովմասյանը:
Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ, հաշվի առնելով Սյունիքում և ՀՀ սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հանդես են գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։