Բուժհաստատության աշխատակիցները ազատման դիմումներ են գրել․ պահանջում են տնօրենին վերականգնել պաշտոնում
ОбществоՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի որոշմամբ Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին աշխատանքից ազատելու պատճառով բուժհաստատության մի շարք աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացի, բուժառու Վահե Մարտիրոսյանը։
«Բուժհաստատության 6 աշխատակից աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Սա Գարիկ Սարգսյանի որոշմամբ Տիգրան Վահրամյանին անհիմն աշխատանքից ազատելու անարդարության պատասխանն է, ինչն առաջնային շատ մեծ վնաս է պատճառում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում բուժօգնություն ստացող բոլոր բուժառուներին և պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մեր հերոսներին։ Նամակներ ենք գրել նաև ԱԺ երեք խմբակցություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով Տիգրան Վահրամյանին վերականգնել տնօրենի պաշտոնում, քանի որ ազատման դիմումներ գրող աշխատակիցների թիվն օր օրի ավելանում է»,- ասաց Վահե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին աշխատանքից ազատված ԿՖԲԳՀԻ տնօրենի Ժ/Պ Տիգրան Վահրամյանը հայտնել էր, որ ապրիլի 28-ին` անսպասելի ստացել է բանավոր առաջարկ` գրել դիմում զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ, այլապես որպես վատ կառավարիչ կհեռացնեն աշխատանքից վերադասի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի հրամանով։ Ի պատասխան նրա գրառման Գարիկ Սարգսյանը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ձևավորված հանձնաժողովը դիտարկումներ, ուսումնասիրություն է իրականացրել բուժհաստատությունում, որի արդյունքում արձանագրված մի շարք խախտումների ընդհանուր գումարը կազմել է 18.545.000 ՀՀ դրամ։
Սոնա Հարությունյան