Այս պահին բանակցելը ճիշտ է, բայց եթե Ադրբեջանը հետ չքաշվի, պետք է դիմել ուժի. Մարուքյան
ПолитическиеԱդրբեջանը, խախտելով Հայաստանի սահմանը, խախտել է մեր պետության օրենսդրությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս իմաստով մեր գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Առաջինն այն է, որ ի սկզբնե, սահմանը հատելու ժամանակ փորձ արվեր կանխել եւ հարված հասցնել ադրբեջանցի զինվորներին, եթե չէին կանգնում: Սակայն իրավիճակն այնպիսին է, որ նրանք եկել, տեղակայվել են, հետո են հայտնաբերվել: Որովհետեւ պատերազմից հետո մենք ունենք շուրջ 540 կմ նոր սահման, որն, ըստ էության, ոչ բոլոր տեղերում է կահավորված եւ ոչ բոլոր տեղերում կան զորքեր կամ սահմանապահներ: Հայտնաբերելուց հետո սկսվել են բանակցություններ: Հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի բանակցությունների արդյունքում, եթե Ադրբեջանը չի զիջում, կիրառել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, այդ թվում ուժ կիրառել: Սակայն այս պահին եղած բանակցությունները, միջոցները, որոնք կիրառվում են, ճիշտ է, որովհետեւ պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա վերջին միջոցը՝ ուժի կիրառումը: Հույս կա, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ կքաշվի»,-ասաց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարը շատ ճիշտ քայլ համարեց նաև ՀԱՊԿ-ին դիմելը՝ նշելով, որ ՀՀ սահմանում հասունանում է նոր էսկալացիա: Սա ԼՀԿ-ի համար ներքաղաքական բնույթի հարց չէ. «Մենք անվտանգության հարցն արտաքին թշնամու կողմից ստեղծված ճգնաժամը որևէ ձևով չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով և չենք օգտագործելու և նաև կոչ ենք անում մյուս բոլոր քաղաքական ուժերին անել նույնը: Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սահմանը չէ, այն Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, դա ՀՀ սահմանն է, բոլորիս սահմանն է, և բոլորով մեկ մարդու պես պետք է կանգնենք ու այդ սահմանը պահենք, եթե բանակցելու գործ է, բանակցենք, եթե կռվելու գործ է, կռվենք»,-ասաց Մարուքյանը:
ԱԺ պատգամավորներն օգտագործում են նաև խորհրդարանական դիվանագիտության հարթակը՝ իրազեկելու, թե ինչ է տեղի ունենում: