Մինչև այս պահն իշխանությունների գործողությունները ճիշտ են. Նիկոլ Փաշինյան
PoliticalԳործարկված են այնպիսի մեխանիզմներ, որոնք վստահություն են տալիս, որ մենք այս ճանապարհով կկարողանանք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, հայրենիքը, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Շատ կարևոր է, որ այս իրավիճակում ավելորդ կրքեր չբորբոքվեն, էմոցիոնալ դրսևորումներ չլինեն։ Մենք քաղաքական բավական նուրբ իրավիճակում ենք, պետք է զերծ մնանք քաղաքական շահարկումներից։ Այսօր իրավիճակն այնպիսին է, որ ադրբեջանցիների ներկայությունը մեր տարածքում շարունակվում է, բոլոր այդ տարածքները մեր Զինված ուժերի հսկողության ներքո են», - ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մինչև այս պահն իշխանությունների գործողությունները ճիշտ են.
«Որովհետև այդ իրավիճակը հաջողվել է առնել հսկողության տակ և գործարկել մեխանիզմներ, որոնք գործողության մեջ պետք է ցույց տան Հավաքական անվտանգության միջազգային այն պայմանավորվածությունները, որ ՀՀ-ն ունի իր դաշնակից պետությունների հետ»։