ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին
Արտաքին ՔաղաքականԵվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող տագնապալի իրադարձություններին: Նրա խոսքով` Եվրոպական արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն նախորդ օրը զրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և այսօր` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
«Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է լուծվեն բանակցությունների միջոցով` տեղի բնակչության անվտանգության շահերից ելնելով: Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև շարունակվող տեխնիկական մակարդակում տեղի ունեցող շփումները»,- ասել է Բորելը:
Բացի այդ, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը կապեր է պահպանել ԵԱՀԿ ներկայիս նախագահության հետ: