ՀԱԿ նորընտիր վարչության կազմը գլխավորող Վանո Սիրադեղյանը կվերադառնա՞
Քաղաքական«Հայ ազգային կոնգրես» կուսակցության երեկ՝ մայիսի 17-ին, կայացած համագումարում հաստատվեց 35 անձից բաղկացած նորընտիր վարչության կազմը։ Նկատենք, որ վարչության կազմը գլխավորում է 1992–96 թթ. ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած, այժմ միջազգային հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ը ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, մեկնաբանելով Վանո Սիրադեղյանի՝ վարչության կազմը գլխավորելու հանգամանքը, նշեց․ «Վանո Սիրադեղյանը 2000 թվականից հետո համագումարի պատվիրակների կողմից մշտապես ընտրվել է վարչության կազմի անդամ»,- ասաց նա։
Հնարավո՞ր է Վանո Սիրադեղյանը վերադառնա՝ մեր այս հարցին Մուսինյանը չպատասխանեց, միայն կրկնեց․ «Վանո Սիրադեղյանը հերթական անգամ համագումարի պատվիրակների կողմից ընտրվել է վարչության անդամ, այսքանը»,- նշեց Մուսինյանը։
Նշենք, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո շատ է խոսվում Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին։ Հատկապես անցած տարի՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ, կոչեր էին հնչում Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան հայրենիք վերադարձնելու մասին։ Թեև ոմանք նշում են, որ վաղեմության ժամկետը լրացել է, կարող է վերադառնալ, սակայն պնդումներ կան, որ փախուստի հիմքով այդ դրույթը չի կարող աշխատել։ Այժմ՝ ընտրությունների նախաշեմին ևս բոլորին հետաքրքիր է՝ վտարանդի Վանո Սիրադեղյանին հնարավորություն կընձեռե՞ն վերադառնալ հայրենիք, թե՞ ոչ։
Սոնա Հարությունյան