Ռոբերտ Քոչարյանը չի՞ լինի «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների նոր կազմում
PoliticalԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ընդգրկվի «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նոր կազմում։ Սա, հավանաբար, պայմանավորված է Քոչարյանի՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրությամբ։
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի և գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն անպատասխան մնացին։
Նկատենք, որ, ըստ ռուսական լրատվամիջոցների, «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Արդյունաբերողների ու գործարարների ռուսական միության նախագահ Ալեքսանդր Շոխինը և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ԳՀԻ-ի ղեկավար Յարոսլավ Կուզմինովը։ Նշվում է, որ վերջիններս կազմում ընդգրկվելու համար առաջադրվել են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՖԿ-ի նախկին ղեկավար Անդրեյ Դուբովսկու փոխարեն:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կոորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, որպես անկախ տնօրեն, ընդգրկվել է 12 տարի առաջ՝ 2009թ. հունիսի 27-ին։