Ադրբեջանցիները ոչնչացրել են Շուշիի հայկական գերեզմանատունը․ Caucasus Heritage Watch
NKԱդրբեջանը մասնակիորեն ոչնչացրել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում գտնվող հնագույն հայկական գերեզմանատունը՝ շենքերի համալիր կառուցելու համար: Այս մասին հաղորդում է «Caucasus Heritage Watch» -ը` ներկայացնելով արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, որ համալիրի շինարարության ընթացքում քաղաք տանող ճանապարհի արևմտյան կողմի տարածքի մի մասը հարթեցվել է: Նշվում է, որ ճանապարհի երկու կողմերից ձգվող մեծ գերեզմանատանը կային 1834-1920 թվականների 96 գերեզմանաքարեր և 12-13-րդ դարերի երկու խաչքարեր, այդ թվում՝ ազնվական հայ ընտանիքների՝ մելիքների գերեզմաններ: Իր հրապարակման մեջ «Caucasus Heritage Watch» կազմակերպությունը դիմել է Ադրբեջանի նախագահին, ինչպես նաև կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղակիորեն գնահատել վնասի չափը և պահպանել այս պատմական վայրը:
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարեր են օգտագործում հայկական գերեզմանատնից՝ Հադրութից Քարինտակ, իսկ այնտեղից՝ դեպի Շուշի ճանապարհ կառուցելու համար: