Սյունիքը վտանգի տակ է. Գորիսում երիտասարդներն ակցիա են իրականացրել
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 18-ին, Սյունիքի մարզի մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել Գորիս քաղաքում՝ իրենց բողոքն արտահայտելով Սյունիքի հատվածում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Սյունիքը վտանգի տակ է։ Մենք՝ Սյունիքի երիտասարդներս, տեսնում ենք, որ այն վտանգի տակ է։ Թուրքը Գորիս քաղաքի վերևն է: Բնակիչներն անտեղյակ են և չգիտեն՝ ինչ վտանգ է իրենց սպառնում, մենք այսօր հավաքվել ենք մեր մտահոգությունը ներկայացնելու համար: Կոչ ենք անում բոլորին միանալ և մասնակցել մեր ակցիային, մեր տունը կիսում են, կեսն էլ տալիս են թուրքին, մենք չգիտենք, թե մեր ապագան որտեղից պետք է սկսվի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակից մեկ այլ երիտասարդ նշեց. «Այսօր մեզ պետք չի, որ թուրքը գա մեր կողքով անցնի, մեր հարևանը լինի, այս խառը իրավիճակում մենք ավելացնելու ոչինչ չունենք: Մենք այսօրվա ակցիայով չենք սահմանափակվում, մենք այսօր մնալու ենք մինչև ուշ գիշեր և հավաքվելու ենք ամեն օր մինչև հասկանանք, թե ինչ է լինելու մեր բոլորի ճակատագիրը»:
Երիտասարդները նշեցին նաև, որ չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ թուրքը կարող է 2 կմ հեռավորության վրա իրենց հետ ապրել, կամ ճանապարհ կիսել:
«Մենք թույլ չենք տա, որ թուրքը բարձրացնի իր դրոշը հայկական տարածքներում և տիրանա մեր հայկական հողերին, մեր հայ ազգը պետք է լուրջ վերաբերվի այս քայլին: Որոշում կայացնի այս հարցում, քանի որ թուրքը կարող է գրավել ամբողջ Հայաստանը, ինչը մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա: Մենք՝ երիտասարդներս, բանակի կողքին ենք, չնայած այս անորոշությանը»,- բարձրաձայնեցին երիտասարդները: