Դուք բոլորդ, կանգ առեք և ազգային միաբանություն ձևավորեք. Ասողիկ աբեղա Կարապետյան
БлогосфераԱսողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դուք բոլորդ՝ տարբեր տեսակի գործիչներդ, հին կամ նոր, հայտնի կամ անհայտ, կուսակցական կամ անկուսակցական, քանի դեռ չեք խորտակել ձեր միջի բելին՝ մահաբեր հպարտությունը, քանի դեռ ձեր միջից արմատախիլ չեք արել անձնական ու խմբակային շահը, քանի դեռ չեք գիտակցել ազգային շահի գերակայությունը և ծնկել միա՛կ առաջնորդի՝ հավիտենական Հայաստանի առջև, արտաքին ու ներքին թշնամին վտանգելու են հայ կյանքը, սպառնալու են Ամենակալ Աստծո՝ Իր իսկ հիմնած Մայր Աթոռով պահած այս փոքրիկ Հայաստանին:
Մի՛ փորձեք ձեր Տեր Աստծուն. ձեր բաժանյալ հետևորդներով մի՛ ջլատեք ազգային միասնությունը. անսացե՛ք ողջախոհության ձայնին, որ, վստահաբար, աղեկտուր ճչում է ձեր անապատացյալ ներաշխարհում՝ կոչելով միաբանության:
Ես հավատում եմ, որ Ողորմած Աստված պահելու է այս մի սերմնահատիկ Հայաստանը՝ որպես գալիք ատոք ցորյան հասկ Հայաստանի առհավատչյա, սակայն դուք բոլոր գործիչներդ, անտարակույս, նետվելու եք բորբոքյալ հնոցը, քանի որ կարող էիք սրբորեն պահել ձեզ շնորհված հող Հայրենին, բայց գտնվեցիք թուլակամ, վատհոգի և թողեցիք ձեր բաժին խաչը՝ փախչելով Գողգոթայի անձնազոհ ճանապարհից...
Որպես հայ մարդ, որպես իմ Երկրին հավատարիմ զավակ, որպես ևս առավել հայ հոգևորական դիմում եմ ձեզ ամենքիդ՝ երբևէ Մայր Հայաստանին ծառայած այրերիդ ու գործիչներիդ, կա՛նգ առեք և ազգային միաբանություն ձևավորեք, մեկ զորեղ բռունցք դարձեք և խորտակեք արտաքին ու ներքին թշնամուն, միայն այդպես կճանաչենք և կընդունենք ձեզ՝ որպես ազգասեր, հայրենանվեր ու պետականաշեն առաջնորդներ:
Սարդարապատի հրաշքով և անձնվեր հայորդյաց սխրանքներով մեզ ժառանգություն տրված Մայր Հայաստանը չփորձե՛ք դարձնել առևտրի առարկա. Հայկյան եռաթև նետը բոլոր տեսակի բելերին է հասնում:
Քաջալերվեցեք, արթուն հայեր, մնացեք աղոթող և միշտ պատրաստ Դավթյան վճռորոշ զարկը տալու:
Ասողիկ աբեղա Կարապետյան»։