Փաստաթուղթը չի պարունակում ոչ մի բառ «վիճելի շրջանների» կամ Հայաստանի կողմից որևէ տարածքի հանձնման մասին. ԱԽ քարտուղարը` РБК-ին
ПолитическиеԱդրբեջանցի զինվորականները շարունակում են մնալ Հայաստանի տարածքում, РБК-ին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով` սահմանների դեմարկացիայի հանձնաժողովի ստեղծման շուրջ բանակցությունների ընթացքում չի քննարկվում հայկական տարածքների փոխանցումը:
ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ չեն լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը, բայց ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթին` Գրիգորյանն ասել է.
«Ինչ վերաբերում է ձեր նշած փաստաթղթին, ապա խոսքը միայն սահմանագծման և սահմանազատման հարցերով երեք առանձին ազգային պատվիրակության ստեղծման, դրանց կազմի և առաջիկա հանդիպման ամսաթվի մասին է: Կարևոր եմ համարում նշել հետևյալը. փաստաթղթում հատկապես ընդգծվում է, որ դրանում նախատեսված բոլոր հարցերի պատշաճ լուծումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ համաձայն եռակողմ հայտարարությունների: Բնականաբար, փաստաթուղթը չի պարունակում ոչ մի բառ «վիճելի շրջանների» կամ Հայաստանի կողմից որեւէ տարածքի փոխանցման մասին»:
Նա նաև նշել է, որ «սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան ենթադրում են խաղաղ միջավայր, կայուն և հավասարակշռված իրավիճակ»: «Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զինված կազմավորումների անօրինական ներկայությունը չի նպաստում նման իրավիճակին: Բացի այդ, սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան միջպետական և միջազգային հարաբերությունների ամենաբարդ բաղադրիչներից են: Դրանք ներառում են բազմաթիվ ասպեկտներ, մասնավորապես պետությունների իրավահաջորդության հարցը, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական խնդիրներ և այլն», - շեշտել է նա: