«Ծեծելով տարան, մեշոկի նման գցեցին մեքենան»․ փորձել են բերման ենթարկել Շուշիի մարտերում վիրավորված Եղիշե Բոցինյանին
ՀասարակությունՇուշիի մարտերում 5 տեղից վիրավորված, Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ Եղիշե Բոցինյանը երեկ՝ մայիսի 20-ին, Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժել է։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Եղիշե Բոցինյանը նշեց, որ երեկ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ, երբ քաշքշուկ է սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև, ինքը միջամտել է, որից հետո փորձել են բերման ենթարկել նրան։
«Ասեցի տղերք իրար մի հրմշտեք, գնացեք սահման, էնտեղ ա բոքսը։ Էդ խոսքիս վրա կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով տանել։ Ծեծելով տարան, մեշոկի նման գցեցին մեքենան, մեքենայի մեջ էլ խբեցին, շնչառությունս կտրվեց, ուշքս գնաց։ Զանգեցին շտապ օգնություն և տեղափոխեցին Հանրապետական հիվանդանոց»,- ասաց նա՝ նշելով, որ ամբողջ մարմինը կապտուկներով է պատված։
Նրա խոսքով, բուժզննության արդյունքում, պարզվել է, որ կողերի և գլխուղեղի սալջարդ ունի և հիմա շարունակում է բուժում ստանալ։
Նշենք, որ Եղիշե Բոցինյանը զինվորական է եղել Եղնիկներ զորամասում, 44-օրյա պատերազմի ընթացքում ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին և վիրավորվել։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր սահմանային իրավիճակը և փաստաթուղթը, որը պետք է ստորագրի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ պահին դրսում հավաքված հոծ բազմությունը բողոքի ակցիա էր իրականացնում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը և ինչպես իրենք էին նշում, պահանջում էին, որ «հողերը հանձնելու փաստաթուղթը» չստորագրի։