Սկանդալային ձայնագրություն է հայտնվել Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair-ի օդանավի անձնակազմի և դիսպետչերի միջև զրույցից
VideoԲելառուսական հեռուստաալիքները ձայնագրություն են հրապարակել Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ինքնաթիռի անձնակազմի և օդանավի դիսպետչերի միջև զրույցից: ONT հեռուստաալիքի՝ անգլերեն լեզվով հրապարակած առաջին հատվածում դիսպետչերն ասում է, որ օդանավակայանի անվտանգության ծառայությունը էլեկտրոնային նամակ է ստացել՝ պայթյունի սպառնալիքով: Այնուհետև պարզ է դառնում, որ Մինսկում վայրէջք կատարելու որոշումը կայացրել է հենց անձնակազմը:
Իր հերթին, Մինսկի օդանավակայանի հերթափոխի պետ Մաքսիմ Կիակովը բացատրել է, թե ինչու է Ryanair֊ի ինքնաթիռը վայրէջք կատարել Բելառուսի մայրաքաղաքում: «Ըստ միջազգային կանոնների՝ Մինսկը, պարզվում է, ամենամոտ օդանավակայանն է, և, ըստ այդ միջազգային կանոնների, հրամանատարը որոշել է վայրէջք կատարել մեզ մոտ», - ասել է Կիակովը ONT հեռուստաալիքի եթերում և շեշտել, որ դա անձնակազմի որոշումն է:
Հիշեցնենք, որ Ryanair-ի Boeing 737-800- ը, որը մայիսի 23-ի կեսօրին թռչում էր Աթենքից Վիլնյուս, շտապ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում՝ օդանավում ռումբի առկայության մասին հաղորդագրության պատճառով: Օդանավում էր NEXTA Տելեգրամ֊ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, ով վայրէջքից հետո բերման է ենթարկվել։ Ավելի ուշ Բելառուսում քրեական գործ է հարուցվել ինքնաթիռի շահագործման մասին կեղծ հաղորդագրության պատճառով: