Վահե Ղալումյանը վարչապետի պաշտոնակատարից ժողովրդին ուղերձներ հղելու հրաման է ստացել․ «ԼՀԿ»-ական պատգամավոր
PoliticalԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը երեկ՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ և կան տարածքներ, որոնք ադրբեջանական հսկողության տակ են: Լրագրողները հետաքրքրվել էին, թե Տավուշի մարզում որոնք են այդ ադրբեջանական հողերը, պատգամավորը թվել էր գյուղերի անունները՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար: Ղալումյանը, ի հավելումն իր ասածի, նշել էր, թե դրանք քարտեզով ադրբեջանական տարածք են համարվում:
«ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ղալումյանի վերոնշյալ հայտարարությունները հակահայկական որակեց.
«Դեռ հանձնաժողովի աշխատանքները չսկսած, պատգամավորը ուղղվածությունը տալիս է ի նպաստ Ադրբեջանի: Ես կարծում եմ, որ այդ պատգամավորը, որը Տավուշի մարզից ստացել է հսկայական ձայներ, ունի պատասխանատվություն և՛ ՀՀ տարածքների ամբողջականության, և՛ մարդկանց ընդհանուր ապահովության զգացումի հետ կապված, պետք է արտահայտվեր շատ զգուշորեն: Մեր դիրքերն այդ ուղղությամբ շատ լավ են, ունեն հսկայական տարածքներ այսօրվա Ադրբեջանի տարածքում. կարելի էր քննարկումը ծավալել այս ուղղությամբ, այլ ոչ թե հակառակը»:
Հարցին, թե, ըստ պատգամավորի, ինչու Ղալումյանը չշեշտադրեց թվարկվածներից որևէ մեկը, Ալեքսանյանը ընդգծեց, որ հայտարարությունները մտացածին չեն արվել:
«Ես կարծում եմ, որ պատգամավորը վարչապետի պաշտոնակատարից ժողովրդին նման ուղերձներ հղելու հրաման է ստացել՝ պատրաստվեք, հնարավոր է նաև այդպես լինի, բայց նա չի մտածում, որ դա կարող է լուրջ հետևանքներ թողնել: Եթե ուներ նման ինֆորմացիա և ուզում էր թափանցիկություն ապահովել՝ թող պարզ ասեր, պարզապես իրենց թույլ քաղաքականությունն այլ կերպ չեն կարողանում արդարեցնել: Այսինքն՝ այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ այդ հանձնաժողովների կազմման աշխատանքները ի նպաստ Հայաստանի օգտագործել, և նման հայտարարություններով փորձում են հասարակությանը տանել այդ ուղղությամբ»,- նկատեց Ալեքսանյանը:
«ԼՀԿ»-ական պատգամավորն ընդգծում է, որ, եթե արդարություն կա, ապա Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր տարածքները, ժողովուրդն էլ պատրաստ չէ տարածքներ տալու. «Ինչ էլ անի օրվա իշխանությունը, ժողովուրդը դրան չի համակերպվելու»:
Դիտարկմանը, թե ժողովուրդն ինչպես համակերպվեց Արցախի և Սյունիքի տարածքների կորստի հետ, պատգամավորը նշեց, որ այդ ժամանակաշրջանում հասարակությունը շոկի մեջ էր, և հիմա, երբ որոշակի ժամանակ է անցել, կարող են համախմբվել և պայքարել:
Արփինե Հակոբյան