ՊՆ-ն հաստատում է՝ հակառակորդի հետ փոխհրաձգության ժամանակ զոհվել է պայմանագրային զինծառայող
SocietyԳեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։
Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։
Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ․com-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, որի հետևանքով հրազենային վիրավորումից մահացել է հայ զինծառայողներից մեկը։ Մեր տեղեկություններով` զոհված զինծառայողը Արարատի մարզի Զոդ գյուղից էր, նա 32 տարեկան էր, պայմանագրային զինծառայող էր։