Հայաստանը Վերին Շորժա գյուղի հատվածում մահացած զինծառայողի հարցով դիմելու է ՀԱՊԿ–ին. ԱԽ քարտուղար
ՔաղաքականՀայաստանը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մահացած զինծառայողի հարցով դիմելու է ՀԱՊԿ–ին: Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Պրովոկացիան Ադրբեջանն է արել։ Գիտեք, որ մենք պահանջ ենք ներկայացրել, որպեսզի նրանք լքեն ՀՀ սուվերեն տարածքը։ Բայց ադրբեջանցիները շարունակում են մնալ ու երբեմն պրովոկացիաներ են անում։ Մենք այս ամբողջ ինֆորմացիան փոխանցելու ենք ՀԱՊԿ–ին ու քննարկումները սկսենք, հասկանանք, թե ինչ ենք անում»,– ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին զգուշացրել էր, որ հնարավոր է` իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։
«Եվ սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է շատ արագ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի խնդիրը շատ արագ լուծում ստանա, հակառակ դեպքում իրավիճակը կարող է որևիցե միջադեպով ամբողջությամբ վերահսկողությունից դուրս գալ»,– ասել է ԱԽ քարտուղարը։