Խաչատուր Սուքիասյա՞նն է ՔՊ-ի՝ փոխվարչապետի թեկնածուն. հարց՝ Վահագն Ալեքսանյանին
Политические«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խոջոյանը քիչ առաջ ԿԸՀ ներկայացրին իրենց կուսակցության ընտրական ցուցակը, որում ընդգրկված է 161 թեկնածու. նրանցից 4-ը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածուներն են:
Ցուցակը ԿԸՀ-ին ներկայացնելուց հետո Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց միակ ակնկալիքը ժողովրդի իշխանության վերահաստատումն է այս ընտրություններում. «Թե ժողովուրդը, ում միջոցով կիրացնի իր իշխանությունը որպես կառավարող ուժ, դա թողնում ենք ժողովրդի ընտրությանը: Մեկ ժամվա ընթացքում կհրապարակենք ՔՊ ցուցակը ամբողջությամբ»,- ասաց Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ ցուցակում ներառված են թե գործադիրից, թե ԱԺ-ից:
Լրագրողների այն հարցին, թե Տիգրան Ավինյանը ինչու չկա ցուցակում, վերջինս պատասխանեց. «Այո, Տիգրան Ավինյանը չկա: Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են, չկան ցուցակում»,- ասաց նա:
Իսկ այն հարցին, թե արդյոք Ավինյանի՝ ցուցակում չլինելը արդյոք պայմանավորված է նրանով, որ ցուցակում է գործարար Խաչատուր Սուքիասյանը, որը կարող է հետագայում զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը, ՔՊ ներկայացուցիչը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե որտեղից վերցրեցիք այն ամենը, ինչը նոր ասացիք: Դեռ պետք է ընտրություններ լինեն, դեռ պետք է կառավարություն կազմվի այդ ընտրություններից հետո, որից հետո միայն կընտրվի վարչապետ ու փոխվարչապետներ նշանակվեն»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: