ՀՀ սահմանի դեպքում չենք կարող այն անվանել գերեվարում, դա առևանգում է․ Մակունց
Общество«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ նիստի մեկնարկին անդրադարձել է 6 հայ զինվորների գերեվարման փաստին՝ նշելով, որ դա ոչ թե գերեվարում, այլ առևանգում է։
«Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերեվարվել են հայ զինվորներ։ Սակայն ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերեվարում, դա առևանգում է, և դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, մեր բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս, իրերն իրենց անունով չեն կոչում։
Կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ»,-ասել է Մակունցը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։