Ազատվել եմ վերադասի և Պապիկյանի հետ տարաձայնությունների պատճառով․ Կոտայքի նախկին մարզպետ
Political«Պետական պաշտոնը այնպիսի բնավորություն ունի, որ մի օր նշանակում են, մի օր էլ կարող են ազատել»,- այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի նախկին մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, որը իր դիմումի համաձայն մայիսի 10-ին ազատվել է պաշտոնից:
Լրագրողների այն հարցերին, թե որն է եղել նրա՝ աշխատանքից դուրս գալու պատճառը, նախկին մարզպետը պատասխանեց. «Աշխատանքային անհամաձայնություն է եղել՝ կադրային քաղաքականության հետ կապված, և ինձ իմ վերադասի կողմից առաջարկվել է տվյալ նշանակման հետ մի բան, որը ինձ համար անընդունելի է եղել: Խոսքս վերաբերում է նաև Սուրեն Պապիկյանին»,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը:
Նա ընդգծեց, որ, նախընտրական փուլով պայմանավորված, չի ցանկանում մանրամասնել տեղի ունեցածը, սակայն, անհրաժեշտության դեպքում, կխոսի այդ ամենի մասին ընտրություններից հետո. «Քանի որ նախընտրական շրջան է, ավելորդ քաղաքական շարժումներից խուսափելու համար ընտրություններից հետո ես ավելի մանրամասն կասեմ, եթե կարիք լինի»,- նշեց նա: