Մամուլից գիտեմ, որ դիրքերի միջև կրակոցներ են եղել․ Տավուշի մարզպետ
ОбществоՔիչ առաջ տեղեկություններ տարածվեցին, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ուղղությամբ ՀՀ սահմանի մոտ փոխհրաձգություն է եղել հայ-ադրբեջանական ուժերի միջև։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ մամուլից է տեղեկացել այդ մասին․ «Մամուլից գիտեմ, որ առավոտյան դիրքերի միջև թեթև կրակոցներ են եղել։ Վիրավորներ, զոհեր չունենք։ Այս պահին սահմանային իրավիճակը լարված չէ»,- ասաց նա։
Թե ինչ միջոցառումներ են իրականացվում՝ հարցին ի պատասխան Ղալումյանն ասաց, որ տեղյակ չէ, եթե անգամ տեղյակ լիներ չէր ասի այդ մասին, քանի որ իր իրավասության տիրույթից դուրս է նման տեղեկություն հայտնելը։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ Տավուշում կրակոցներ չկան․ «Այնտեղ կրակային մարզանքներ են իրականացվում մեր Զինված Ուժերի ստորաբաժանումների կողմից։ Դրանք պարզապես ուսումնական կրակային մարզանքներ են եղել»,- փոխանցեցին ՊՆ-ից։
Սոնա Հարությունյան