Փարիզում մեկնարկեց Փաշինյան-Մակրոն հանդիպումը
ՏեսանյութերԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ելիսեյան պալատ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Փարիզից, վարչապետի պաշտոնակատարին դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Արարողակարգային լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների հետ հանդիպմանը հանդես կգան հայտարարությամբ։ Այնուհետև նախատեսված է աշխատանքային ճաշ Ֆրանսիայի նախագահի անունից։ Երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում, ի թիվս այլ հարցերի, կլինեն Հայաստան-Ադրբեջան սահմանի վերջին զարգացումները։
Ելիսեյան պալատից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կուղևորվի Սենատ։ Նիկոլ Փաշինյանը Սենատի նախագահի հետ հանդիպումից առաջ ծաղիկներ կխոնարհի վերջերս Փարիզում բացված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կիսանդրու մոտ՝ ի հիշատակ մեծանուն երաժիշտի։ Սենատի նախագահի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհյուրընկալվի Փարիզի քաղաքապետարանում։ Այնտեղ նա կհանդիպի քաղաքապետ Ան Իդալգոյի հետ։ Փարիզյան օրակարգը կսպառվի հայ համայնքի հետ հանդիպմամբ։