Ովքե՞ր են հայերենին լավ չտիրապետող պատգամավորի 3 թեկնածուները
PoliticalԱզգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող 5 անձ մայիսի 30-ին դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ հայերենի թեստ հանձնելու համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
«Եղել է 5 հայտ, մեկը հիվանդ է եղել, չի ներկայացել թեստավորմանը։ 3-ը չեն հաղթահարել թեստավորումը, միայն մեկն է հաղթահարել»,- ասաց նա։
Մելիքբեկյանը հրաժարվեց նշել, թե որ կուսակցությունների պատգամավորի թեկնածուներն են եղել այդ անձինք՝ նշելով, որ անձնական տվյալներ չեն կարող հրապարակել։
Մեզ հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ԿԸՀ-ն ուսումնասիրում է բոլոր կուսակցությունների փաստաթղթերը և բոլոր այն թեկնածուների պարագայում որտեղ չկա հայերենի իմացության վերաբերյալ փաստաթուղթ, նրանց հնարավորություն է տրվում հայերենի իմացության վերաբերյալ թեստավորում անցնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում․ «Հայերենի իմացության վերաբերյալ փաստաթուղթ են համարվում դպրոցի վկայականը, բուհի դիպլոմը, եթե որևէ նման փաստաթուղթ չի ներկայացվում կա մեկ ալտերնատիվ, որպեսզի այդ հիմքով մարդը չզրկվի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, օրենսդրությունը տվել է հնարավորություն հայերեն իմացության հետ կապված հանձնել համապատասխան քննություն ԿԳՄՍ-ում, որովհետև գուցե դիպլոմ ունեցել է, բայց կորել է»,- ասաց Մուկուչյանը։
Նա ընդգծեց՝ որ թեկնածուի պարագայում հայտնաբերել են նման թերություն, արձանագրել են և տվել 48 ժամ համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու համար։
Հավելենք, որ հարցաշարը կազմված է երեք բաժիններից՝ ուղղագրություն (35%), ուղղախոսություն (35%) և Բառագիտություն (30%):
Սոնա Հարությունյան