Հանրայինով պրոադրբեջանական քարոզը պատկան մարմիններին չի՞ մտահոգում․ պատասխանատվությունը գցում են մեկը մյուսի վրա
SocietyՄի քանի օր է, ինչ համացանցում Հանրային հեռուստաընկերության վերաբերյալ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։ Վերջինիս մեղադրում են հակահայկական և պրոադրբեջանական քարոզչության համար, քանի որ «Լուրեր»-ի թողարկմամբ եթեր էր հեռարձակվել «Հայկական և ադրբեջանական անկլավների հարցի իրավական և քաղաքական բաղադրիչը» վերնագրով ռեպորտաժը: Չնայած ստացած արձագանքին՝ Հանրային հեռուստաընկերությունն այդպես էլ որևէ մեկնաբանություն չտվեց։ Հարկ է նշել, որ Հանրային հեռուստաընկերությունը Հայաստանի ողջ տարածքում ամենամեծ սփռվածություն ունեցող հեռուստաալիքն է, հետևաբար կարևոր է, թե երկրում տեղի ունեցող իրադարձությունները ինչպես են լուսաբանվում և մատուցվում հանրությանը հենց այս հեռտուստաընկերությամբ:
Թեմայի առնչությամբ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանից․ «Բոլոր հաղորդումների հետ կապված պատասխանատվություն է կրում Հանրային հեռարձակողի խորհուրդը, մենք միշտ մոռանում ենք, ցավոք, որ ինքն ունի կարգավորման գործառույթ և իրենք են պատասխանատու բովանդակության համար։ Զանգեք խորհուրդ, այնտեղ ընդգրկված 7 անձ աշխատավարձ է ստանում և իրենք պետք է պատասխանեն»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ․ «Մենք չենք ուզում մեկնաբանել։ Գնացեք, հարցրե՛ք նրանց, որոնց հասցեագրված են ձեր հարցերը։ Մենք չենք դրա պատասխանատուն, կարող եք կապ հաստատել «Լուրեր»-ի հետ»,- նշեց Շիրինյանը։
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը չցանկացավ իր դիրքորոշումը հայտնել հրապարակված ռեպորտաժի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ավելորդ է համարում այդ մասին խոսել։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ բացասական է վերաբերում դրան, ի պատասխան մեր այս հարցին` Շիրինյանն ասաց․ «Ոչինչ չեք կարող ենթադրել, ես ասացի՝ չեմ մեկնաբանում»։
Հետաքրքրվեցինք՝ Հանրային հեռարձակողի խորհրդը չէ՞ դրա պատասխանատուն, Շիրինյանը պատասխանեց․ «Ընդհանրապես, չէ»։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Լևոն Գալստյանն էլ մտահոգիչ համարեց փաստը՝ հույս հայտնելով, որ առաջիկա նիստերից մեկում, երևի թե, պարզաբանում կստանան դրա վերաբերյալ։ Դիտարկմանը՝ ինչ եք կարծում՝ արդյո՞ք պրոադրբեջանական միտում ուներ ռեպորտաժը, Գալստյանն ասաց․ «Չեմ ուզում գնահատական տալ՝ ինչ միտում ուներ, թե մարդու գլխի մեջ ինչ կա, բայց փաստն ինքնին մտահոգիչ է» ,- ասաց Գալստյանը՝ մտահոգիչ համարելով նաև այն հանգամանքը, որ «Լուրեր»-ի ռեպորտաժը լայնորեն տարածվում է նաև ադրբեջանական կայքերով։
Նկատենք, որ պատկան մարմինները պատասխանատվությունը գցում են մեկը մյուսի վրա՝ Հանրայինով պրոադրբեջանական քարոզչությանը որևէ գնահատական չտալով։
Հավելենք, որ ռեպորտաժին արձագանքել էր նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ խիստ դատապարտելով Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկմամբ մայիսի 30-ին եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ: