Գնալու եմ կռվեմ ու հերոս դառնամ. Հրաչյա Գաբրիելյանի զոհվելու մասին հարազատները իմացել են պատերազմից 7 ամիս անց
ОбществоՀրաչը հայրենասիրական մեծ ոգի ուներ, միշտ ասում էր՝ գնալու եմ պատերազմ կռվեմ ու հերոս դառնամ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հրաչյա Գաբրիելյանի քույրը՝ Անի Գաբրիելյանը:
Հերոսը ծնվել է 2002 թվականի ապրիլի 3-ին, Սարի Թաղում: Ըստ քրոջ խոսքերի՝ նա մանկուց շատ ակտիվ էր. «Հրաչը չափազանց ընկերասեր էր, բոլորին օգնում էր, ընկերների և հարազատների ուրախությունն էր: Միշտ ժպտում էր, ուրախ էր և բոլորի հետ հարգալից էր մեր հերոսը: Շատ-շատ էր սիրում երգել հայրենասիրական երգեր»,-պատմում է Անին:
Հրաչը սովորել է Սարի Թաղի թիվ 47 դպրոցում, սիրում էր պատմություն, ռազմագիտություն և ֆիզկուլտուրա առարկաները. «Զբաղվում էր պրոֆեսիոնալ սպորտով, ըմբիշ էր, ուներ մարզական մեծ հաջողություններ, երազում էր Օլիմպիական չեմպիոն դառնալու մասին: Դպրոցը ավարտելուց հետո անվճար ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ՝ ըմբշամարտի բաժին, ցավոք, չհասցրեց սովորել, մեկնեց ծառայության...»,- ասաց հերոսի քույրը:
2020 թվականի հուլիսի 13-ին Հրաչը մեկնեց ծառայության Ջաբրայիլ, ինչին մեծ անհամբերությամբ և ոգևորվածությամբ էր սպասում. «Պատերազմը, երբ սկսվեց Հրաչն ընդամենը 2 ամսվա ծառայող էր, նա երբեք չի խուսափել ոչ մի դժվարությունից, հպարտ գնացել է հայրենիքը պաշտպանելու»,- ընդգծեց Անին:
Պատերազմը սկսվելուն պես Հրաչին Ջաբրայիլից տեղափոխել են Հադրութ: Նա բարձր տրամադրություն է ունեցել անգամ ռազմի դաշտում, վստահ էր՝ հաղթելու են. «Չնայած պատերազմի մասին շրջանառվող լուրերի՝ մեր զինվորը լավ ու մարտական էր տրամադրված: Պատերազմի օրերին հաճախ կապ չենք հաստատել Հրաչի հետ վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 14-ին: Ցավոք սրտի, երկար չենք խոսել, միայն ասաց, որ ինքը լավ է և վերջ: Շատ զրնգուն էր ձայնը, կարծես թե ոչինչ չէր կատարվում»,- մեծ ցավով պատմում է հերոսի քույրը:
Դա նրանց վերջին խոսակցությունն էր, այդ զանգից հետո ընտանիքը 7 ամիս լուր չի ունեցել Հրաչից. «7 ամիս փնտրել ենք բոլոր հնարավոր և անհնար տեղերում, միայն մայիսի 24-ին տեղեկացանք, որ մեր զինվորը զոհվել է: Մինչև այսօր էլ չգիտենք, թե իրականում ինչ է պատահել Հրաչի հետ: Զոհվեց մի մարդ, որը սիրում էր կյանքը ու բոլորին»,- ափսոսանքով ասաց Անին:
Զվարթ Պետրոսյան