«Դուք լրագրող չեք». Լրագրողի հետ վեճից հետո ՊԵԿ նախագահը կիսատ թողեց ճեպազրույցն ու հեռացավ
ՏեսանյութերՊետական եկամուտների առաջին հինգ ամիսների աճը կապված է ՀՀ-ում տեղի ունեցած ապրանքների գնաճի և կազմակերպված, հետևողական վարչարարության հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
«Խոսքը հիմնականում ոչ թե տնտեսական աճի արդյունքում հարկային եկամուտների ավելացման մասին է, այլ գնաճի և ստվերի դեմ պայքարի, բայց չենք կարող չնշել տնտեսական դաշտում տեղի ունեցող որոշակի ակտիվությունները, ինչի մասին վկայում է Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որ 2021-ի ընթացքում ընդհանուր ամիսների պատկերով ունենք 2․6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»,- ասել է Հովհաննիսյանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե այսինքն գնաճը տնտեսական ա՞ճ է ապահովում Հայաստանում, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Ես ձեր հարցին չեմ ուզում պատասխանել, որովհետեւ, իմ կարծիքով դուք լրագրող չեք, դուք քաղաքական հետապնդումներ իրականացնող եք»,- ասաց նա:
Լրագրողն արձագանքեց. «Ես ձեզ զգուշացնում եմ՝ գնահատականներ չտաք մյուս անգամ», ինչին Էդուարդ Հովհաննիսյանն ասաց. «Չբարձրացնե՛ս ձայնդ»:
Նշենք, որ լրագրողի հետ ունեցած այդ բանավեճից հետո ՊԵԿ նախագահը կիսատ թողեց ճեպազրույցն ու հեռացավ: