Նիկլաս Բենդտները հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին
SportԼոնդոնի «Արսենալի» և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, 33-ամյա Նիկլաս Բենդտները հաստատել է, որ հեռանում է իր խաղային կարիերայից: Բենդտների վերջին ակումբը «Կոպենհագենն» էր, որը նա լքեց 2020-ի հունվարին:
«Գիտեմ, որ այս գործն ավարտված է: Կարծում եմ, որ շատ ժամանակ է պետք՝ հասկանալու համար, որ իրականում այն ավարտվել է: Հիմա ես պետք է այլ բան անեմ, և գուցե գտնեմ մի բան, որը կտա ինձ այն, ինչ տվել է ֆուտբոլը այս տարիների ընթացքում: Ֆուտբոլն իմ կյանքի այնքան մեծ մասն է, որ ես չեմ ցանկանում լքել այն: Այդ պատճառով՝ ես այժմ մարզչական կրթություն եմ ստանում», - ասել է Բենդտները, մեջբերում է dagbladet.no-ն: Բենդտները «Արսենալի» կազմում անցկացրել է 171 հանդիպում, խփել 47 գոլ ու ակումբի հետ նվաճել Անգլիայի Գավաթը 2013/14 թվականներին: Նա նաև «Յուվենտուսի» հետ 2012/13 թվականների Իտալիայի չեմպիոն է, «Վոլֆսբուրգի» կազմում՝ 2014/15 թվականների Գերմանիայի գավաթակիր: Դանիայի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 81 հանդիպում, դարձել 30 գոլի հեղինակ: