Զինվորների դիերը եղել են անճանաչելի՝ նեխած, որդերով, թրթուրներով պատված. դատաբժիշկ
Общество«Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ։ Թարմ դիակներ ունեցել ենք միայն պատերազմի առաջին երկու օրը։ Գործ ենք ունեցել ռազմի դաշտում թողնված արևի, կենդանիների կողմից քայքայման ենթարկված, հուղարկավորված, այնուհետև արտաշիրիմված դիակների հետ», -այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը։
Նրա խոսքով՝ իրենց մոտ տարված զինվորների դիակների մեծ մասը եղել է անճանաչելի և չեն եղել ամբողջական դիակներ․ «Բոլոր դիակները մեզ մոտ բերվել են ծայրահեղ աստիճանի աուտոլիտիկ նեխված ու կազմափոխված վիճակում։ Ունենք ամբողջովին նեխման, ճանճերի, միջատների, թրթուրների, խոշոր անասունների՝ գայլերի կողմից հոշոտված դիակներ, մենք ունենք միայն դրանց մասունքները, ամբողջովին կմախքացած ոսկորներ են, որոնք ենթակա չեն որևէ քիմիական նյութով մշակման», - նշեց նա։
Գևորգյանը նշեց, որ զոհերի մարմինները իրենց մոտ տեղափոխվում են սպիտակ պոլիէթիլենային դիապարկերի մեջ տեղակայված, որի վրա առանձին թափանցիկ թաղանթով գոյություն ունեցող գրպանիկում առկա է լինում իրենց մոտ տարված դիակի հերթական համարը․ «Ոչ մի դիակի վրա անուն-ազգանուն գրված չի լինում, մեզ հանձնված դիակները համարով, կոդերով են, այնուհետև գենետիկական բաժանմունքի աշխատանքից և ծնողների հետ գենետիկական համադրումից հետո նոր պարզվում է տվյալ դիակի անունը», - նշեց նա։
Նա բացառեց Հայաստանում գեթ մեկ դիակի թաքնված լինելու հանգամանքը՝ այն համարելով աբսուրդ․ «Թաքցված դիակի մասին խոսք լինել չի կարող։ Մեր նպատակը բոլոր զինվորների մարմինները իրենց ծնողներին հանձնելն է։ Հայաստանում անգամ մեկ մասունք չունենք թաքցված», - ասաց դատաբժիշկը։