Արդյո՞ք դուք չէիք, որ նրանց հոտի վերածեցիք ու խլեցիք բանականը, տիրոջ զգացողությունը, ազգայինը, մենքն ու միասինի զգացողությունը
ԲլոգոսֆերաԳևորգ Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մարդկանց մեղադրելը հեշտ է,
ԻՍԿ ԴՈՒՔ ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԱՋՆՈՐԴԵ՞Լ ԵՔ, ՍՈՎՈՐԱՑՐԵ՞Լ ԵՔ ՃՇՄԱՐԻՏԸ: Ի՞ՆՉ ՕՐԻՆԱԿ ԵՔ ԾԱՌԱՅԵԼ...
Արդյո՞ք դուք չէիք, որ նրանց հոտի վերածեցիք ու խլեցիք բանականը, տիրոջ զգացողությունը, ազգայինը, մենքն ու ՄԻԱՍԻՆԻ զգացողությունը:
Հասարակությունը մեղավոր չէ, որ ինքը հայրենիք չունի: Մեղավոր են նրանք, ովքեր խլել են իրենից դա ու իրեն տվել միայն արածելու ու որոճալու առաքելություն:
Հոտը մեղավոր չի, որ չկան առաջնորդող ոչխարներ, չկա հովիվ, չկա գելխեղդ: Ամենը սուտը է, ամենը՝ ԻՆՔՆԱԿՈՉ:
Նրանք, ովքեր մեղադրում են երեկվա անգիտակից ու անհայրենիք վիճակը թող իրենք հենց իրենց մեջ գտնեն այդ խնդիրը:
Մենք չունենք պատասխանատու հասարակություն, քանի որ չունենք պատասխանատու վերնախավ, քանի որ այդ վերնախավը միշտ ամենապատասխանատու պահին ծլկում է, միշտ ամենապատասխանատու պահին ներկա չէ:
Եվ միայն խաղում է ներկայություն, երբ ինչ-որ մի բան պետք է վերցնի կամ յուրացնի:
Մեր հասարակությունը չունի վերնախավ: Եվ այս ամբողջը հենց այդ վերնախավի բացակայության արդյունքն է ու դրսևորումը:
Մենք չունենք հոգեղեն, ոգեղեն հասարակություն ու վերնախավ, որովհետև չունենք նաև մտավորականություն: Մեր մտավորականությունը ևս վախկոտ է ու ընդամենը սպառող: Կեղծ է, կոմֆորմիստ ու անբան: Դատարկախոս է ու սոված՝ իր էությամբ, տեսակով:
.
Ես ոչ թե մեղադրում եմ նրանց, ովքեր երեկ այնտեղ էին, այլ նրանց, ովքեր պետք է այնտեղ լինեին ու չկային. ոչ թե նրա համար, որ կիսեին խրախճանքը, այլ որ բացատրեին, որ ապտակեին, թե կուզեք բառիս բուն, թե կուզեք փոխաբերական իմաստով:
«Վատի» ներկայությունը «լավի» բացակայության, «լավի» թուլության արդյունք է, ու այդ նույն «լավի» մեջ այդ «վատը» չունենալու ու չջերմացնելու արդյունք: Այդ «լավի» մեջ՝ այդ իրենց իմաստ չհաղորդելու ու տեղ չտալու արդյունք:
Բոլորը մեղադրում են, բոլորը արդարանում:
Եվ քանի դեռ քո սխալը իմ սխալը չէ, ու քո ցավը իմ ցավը չէ... ու այդ սկզբունքով է ապրում մեր հասարակությունը, հետևաբաև դեռ երկար ենք անցնելու մեր կորուստների ճամփեքով»: