ԵՄ-ն գլոբալ ուժ կդառնա միայն այն ժամանակ, երբ Թուրքիան միանա նրան․ Չավուշօղլու
ԱշխարհԵվրամիության՝ գլոբալ ուժի վերափոխումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիան անդամակցի նրան։ Անկարան դեռ հույս ունի դրան հասնել, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ֆրանսիական L'Opinion թերթում տեղադրված սյունակում:
«Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները չպետք է պատանդ լինեն մի քանի համառ անդամ երկրների մաքսիմալիստական և ազգայնական հավակնություններին: ԵՄ֊ն կդառնա գլոբալ ուժ միայն այն դեպքում, եթե Թուրքիան անդամակցի նրան», - գրել է թուրքական դիվանագիտության ղեկավարը: Նա շեշտել է, որ իր երկիրը շարունակում է «հավատարիմ մնալ ԵՄ-ին անդամակցելու գաղափարին և մտադիր է շարունակել «նպաստել եվրոպական արժեքների զարգացմանն ու պաշտպանությանը, որոնք կիսում է Ֆրանսիայի հետ»: Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ֆրանսիան այդպիսով կդառնա «լոկոմոտիվ Անկարայի և Բրյուսելի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին» և «կնպաստի առաջընթացին, որը օգուտ կբերի ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Փարիզի հետ երկկողմ հարաբերություններին»: Նա խոստովանել է, որ վերջերս Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունները լարվածության սրացում են ապրել, բայց նշել է, որ երկու պետությունների նախագահների միջև հարաբերությունները «հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ամրապնդելու կապերը»: