Ընտրություններից հետո կոալիցիա չեմ կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ. Գագիկ Ծառուկյան
Политические«Ես իմ խոսքի տերն եմ և ընտրություններից հետո կոալիցիա չեմ կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ»,- Աբովյանում մեկնարկած ԲՀԿ-ի քարոզարշավի ժամանակ ասաց Գագիկ Ծառուկյանը։
«Ես գնում եմ մենակ` իմ թիմի հետ, իմ ծրագրերն իրականացնելու համար։ Ես ոչ մեկի հետ չեմ գնալու։ Ես միակ մարդն եմ եղել, որ, ասենք թե, ձերբակալել են, ես պայքարել եմ, ասել եմ, որ պետք է կառավարության անդամների 100 տոկոսը հրաժարական տա։ Հիմա, երբ կառավարությունը թուլացել է, բոլորը դարձել են ընդդիմադիր և ասող, թե Փաշինյանի հետ Ծառուկյանը կոալիցիա է կազմելու»,– ասաց Ծառուկյանը։
Նա նաև շեշտեց, որ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ մեր բարեկամական կապն ավելի ամրապնդել ոչ միայն խոսքով, այլև գործով։
«Պատերազմը ցույց տվեց, որ միակ գործընկերն աշխարհում Ռուսաստանն է։ Նա առաջին օրվանից մեր կողքին է եղել, մինչև այսօր մեր կողքին է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ամրապնդենք, զարգացնենք, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի և պետության անվտանգությունը»,– ասաց Ծառուկյանը։
Նա մատնացույց արեց մոտակայքում գտնվող՝ հայ-ռուսական համերաշխության հուշարձանը և շեշտեց, որ Հայաստանի սահմանները պետք է պահեն հայ ու ռուս զինվորները՝ ուս ուսի տված: