Բանակի մասին ցանկացած հերյուրանք ինձ, բնականաբար, վրդովեցնում է։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր հասցեին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին։
«Ես 1-2 անգամ փորձել եմ անդրադառնալ սրանց այս ստերին, բայց հիմա կփորձեմ մի քիչ ավելի հանգամանորեն անդրադառնալ։ Լկտին այդպիսին է, եթե բերանին չես տալիս, նորից սկսում է իր բերանի կեղտը շաղ տալ, այդ մարդը հիմա միայն դրանով է զբաղված։ Ինքը ղալաթ է անում, սուտ է խոսում, որ իրենք շատ ավելի զենք-զինամթերք են բերել։ Իմ բառապաշարում իմ այդ կոպիտ խոսքերը նոր են հայտնվել, եւ ես առանց ափսոսալու եմ խոսում, որովհետեւ չի կարելի այդպիսի լկտիություն անել։ Իրենք ոչ մի բան էլ չեն բերել։ Չեմ ժխտում, պատերազմի ժամանակ գուցե տվել են ինչ-որ բան, բայց մինչեւ այդ ի՞նչ են բերել։ Նախ մեր ծրագիրն են քանդել եւ մեր թողած փողերով գնացել, 4 հատ ինքնաթիռ են գնել՝ առանց զինամթերքի, որպեսզի այդ ինքնաթիռի ֆոնի վրա նկարվեն։ Ինձ որեւէ մեկը տեսե՞լ է «Իսկանդերի» կողքը կանգնած։ Գնացել ես այնտեղ, ի՞նչ ես հասկանում դրանից, դեռ նստում ես ինքնաթիռի մեջ էլ։ Պատկերացնո՞ւմ եք, 100 միլիոնից ավելի փող են տվել ու առանց սպառազինության ինքնաթիռ են բերել»,- ասաց երրորդ նախագահը։
Նրա խոսքով՝ այդ ինքնաթիռները 2015 թվականից իրենց առաջարկում էին շատ ավելի լավ պայմաններով. «Հաշվի առնելով որոշ հանգամանքներ՝ մենք ձեռք չենք բերել դրանք։ Թող ասի այդ աննամուսը՝ քանի՞ փամփուշտ է ստացել որպես ռազմատեխնիկական օժանդակություն։ Այդ թվերը որ կրակում է՝ էն բերեցինք, էն բերեցինք, իրենք դրանց հետ բացարձակապես կապ չունեն։ Այդ պայմանագրերը մենք կքնել ենք 2016-17 թվականներին՝ 200 միլիոն ռուսական վարկի միջոցներով։ Իրենք ընդհակառակը, մեր կքնած պայմանագրերն էլ են փոխել։ Իրենք կարծում էին, որ պատերազմ չի լինելու։ Ինքն էր ասում՝ Ալիեւը կառուցողական է, կիրթ է. մարդ իր հակառակորդին կասի՞ կառուցողական, ինչ ուզում ես ասա, բայց ո՞ւր է կառուցողականությունը, օրական գերի է վերցնում, սպանում»։
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ եթե այս թեման մինչեւ վերջ հասնի, ապա ինքը թվեր կհրապարակի. «Ես դեռեւս ինքս ինձ զսպում եմ, որովհետեւ ես հասկանում եմ՝ ինչ է պետականությունը, բանակը։ Գիտեմ, թե ինչի կբերի բանակի մասին թվեր հրապարակելը։ Մենք 2016 թվականին կրակեցինք այնքան, ինչքան ուզում էինք, ինչքան հրամանատարներն էին ուզում, ինչքան անհրաժեշտ էր, դրա համար էլ հակառակորդն այդքան կորուստներ կրեց»։
Սարգսյանը նշեց, որ այդ զոհերը եղել են 2 պատճառով՝ տխմար կառավարման եւ առաջին օրվանից բանակը քանդելու հետեւանքով. «Գիտե՞ք՝ ինչի համար է քանդել, որովհետեւ տակը լցել էր բանակից։ Իրեն թվում էր, թե իմ հրաժարականից հետո ուժային կառույցներն իրեն չենթարկվեին, պիտի գային ու ինչ-որ բաներ անեին, դրա համար բոլորին վարկաբեկեց։ Փորձառու հրամանատարներին փոխարինեց հարմարվող հրամանատարներով»։
«Պատերազմող երկիր ենք, ո՞նց կարելի է 2,5 տարում այդքան ԳՇ պետ փոխել, ՊԲ հրամանատար փոխել. փոխել միայն նրա համար, որ իր ասածներին հանկարծ չհակառակվեն։ Հրամանատարն այդ իրավունքը պետք է ունենա, իր կարծիքը պիտի ասի, որովհետեւ նա բանակի ողնաշարն է։ Պատերազմից հետո նրա հայտարարությունները, թե մեր զինվորներն ու հրամանատարները փախչում էին, դու չես սատկո՞ւմ։ Ամեն ինչը գցում է ուրիշների վրա, եթե զինվորներն ու հրամանատարները փախչում են, դա քո մեղքն ա։ Մեր լավագույն կռվողները միշտ եղել են ժամկետային զինծառայողները, բայց նրանք ունեցել են հրամանատարներ»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով Ապրիլյան հետաքննիչ հանձնաժողով ստեծղելուն՝ երրորդ նախագահն ասաց. «Հարյուրավոր մարդիկ հրավիրեցին, փորձում էին հարյուրավոր մարդկանց մեղադրել։ Այդքանից հետո հրամանատարներն ինքնուրույն որոշումներ կկայացնե՞ն։ Էշ-էշ խոսում է՝ թալանել են, բա 3 տարի է այդ թալանածը չե՞ս գտել, քանի՞ մարդ ես գտել, որ թալանող է եղել։ 2008-2018 թվականներին միայն բյուջեից հայկական բանակը ծախսել է 1 տրիլիոն 900 միլիարդ դրամ։ Այդ 3 տարում ինչքա՞նն են հայտնաբերել, վերականգնել։ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում բանակը թալանելու մասին ինձ նույն բանն ասաց, ասացի՝ լսեք, դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք՝ բանակն ինչ է, բանակ թալանելն ինչ է։ Բոլորս հստակ ասել ենք՝ բանակի կոպեկին կպնողը շան տղա է։ Ես չեմ ասում՝ չեն եղել մարդիկ, որոնք ձեռքերը տաքացրել են, եղել են, բայց դրանք եղել են երկրորդական, երրորդական մարդիկկ։ Գյուղ չկա, որ շուն չլինի»։