Արթուր Վանեցյանի հարցազրույցը Վլադիմիր Սոլովյովի հետ (տեսանյութ)
VideoՀայաստանը պետք է ճիշտ ուղղակի հարաբերություններ կառուցի կարեւորագույն դաշնակցի՝ Ռուսաստանի հետ։ Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։
«Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ ավելի լավ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող։ Պետք է լինեն ճիշտ ուղղակի հարաբերություններ։ Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, մարդկանց, ովքեր ուղիղ չեն խոսում հարաբերությունների եւ խնդիրների մասին։ Եվ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, դա գերտերություն է։ Եվ ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցության, ավելի խոր ինտեգրացիոն գործընթացների հարցը։ Այնպես անել, որպեսզի Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները լինեն այնպիսի մակարդակի, որպեսզի ոչ ոք չկարողանա փոխել դրանք»,- ասել է Վանեցյանը։
Վարչապետի թեկնածուն նշել է, որ արտահերթ ընտրություններին մասնակցող 26 կուսակցություններից 20-ը ակտիվ հակառուսական քարոզչություն է վարում եւ բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում է Ռուսաստանին։ «Որովհետեւ 3 տարի կապիտուլյանտը (Վանեցյանը որոշել էր չտալ Փաշինյանի անունը) փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա ասում է, թե ամեն բան լավ է եւ հիանալի, թե լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ։ Իսկ իրականում մշտապես բանակցություններ է վարում ուրիշների հետ»,- ավելացրել է Վանեցյանը։
Պատասխանելով Հայաստանում ռուսերենի դերի մասին հարցին՝ վարչապետի թեկնածուն նշեց, որ ռուսական կրթություն ունի, եւ իր համար դա մշակույթի լեզու է։ «Կարծում եմ, որ ռուսերենի դերը Հայաստանում պետք է բարձրացվի։ Հիմա երկրում ռուսական թեքումով ընդամենը 4 դպրոց կա։ Պետք է բարձրացնել լեզվի դերը ռուս գործընկերների հետ միասին։ Մեր գլխավոր գործընկերը Ռուսաստանն ու ռուսախոս երկրներն են»,- եզրափակել է Վանեցյանը։